Ռուս լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Եվգենի Լովչևը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հաղորդում է Матч ТВ-ն:
«Ես չէի էլ մտածում, որ Զախարյանը հաջողելու է Իսպանիայում: Նա մեր մեծ աստղը չէ՞ր: Հիմա կասեն, թե վնասվածքներն են խնդիրը, բայց դրանք միշտ էլ լինում են: Ֆուտբոլիստները պետք է մտածեն պատճառների մասին: Չեմ կարծում, թե Զախարյանն այն աստղն է, որը պետք է խաղա Իսպանիայում. «Ռեալ Սոսյեդադում» հիասթափվել են նրանից:
Թող վարձավճարով վերադառնա «Դինամո», միգուցե այնտեղ կարողանա վերականգնել մարզավիճակը»,- ասել է հանրահայտ մասնագետը:
21-ամյա Զախարյանն ամռանը կոճի վիրահատության էր ենթարկվել և բաց էր թողել մրցաշրջանի առաջին հատվածը: Նա ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպում: