Ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Fast Sports հեռուստաալիքի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդաշարի ընթացքում նշել էր, որ երևանյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի տնային խաղերը կարող է անցկացնել Վրաստանում, եթե ՀՖՖ-ն չտրամադրի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը։ Ավելի ուշ «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ՀՖՖ-ն ակումբին առաջարկել է Գյումրիի կամ Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։
Ստեղծված իրավիճակի շուրջ VNews-ը հարցում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։ Ներկայացնում ենք ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի պատասխանը։
««Սա «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների կողմից հնչող հերթական աբսուրդային միտքն է: Եղիշե Մելիքյանը թիմի գլխավոր մարզիչն է և կարող է չտիրապետել ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին, բայց ցավալին այն է, որ ակումբի ղեկավարությունը կամ ադմինիստրատիվ անձնակազմը ևս չի տիրապետում դրանց:
Իրավիճակն էլ ավելի աբսուրդային է դառնում, եթե հաշվի առնենք, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իրոք դիմել է ՈՒԵՖԱ-ին Չեմպիոնների լիգայում իր հանդիպումները Վրաստանում անցկացնելու նպատակով, դրանով իսկ դառնալով ծիծաղի առարկա:
ՈՒԵՖԱ-ի կանոնադրությամբ և համապատասխան կանոնակարգերով հստակ ձևակերպված է, որ եվրոպական ցանկացած երկրի ներկայացուցիչ իր եվրագավաթային տնային հանդիպումները կարող է անցկացնել միմիայն իր երկրի տարածքում:
Վերջին տարիներին ՀՖՖ դիրքորոշումը եղել է և կա հետևյալը. հաշվի առնելով «Հանրապետական» մարզադաշտի ծանրաբեռնվածությունը, եվրագավաթային առաջին երկու փուլերում «Հանրապետական» մարզադաշտում կարող է հանդես գալ միայն Հայաստանի չեմպիոնը, իսկ երրորդ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում՝ հայկական ցանկացած ակումբ:
ՀՖՖ-ն դեռևս 2024 թ. փետրվարին գրավոր կերպով տեղեկացրել էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին այդ մասին և, բնական է, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը տրամադրվելու է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումներն անցկացնելու նպատակով:
Այսօր կարդացի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որտեղ նա հերթական անգամ սխալ տեղեկություն է հաղորդում՝ աղավաղելով ՀՖՖ կողմից «Փյունիկ» ՖԱ-ին ուղարկված նամակի բովանդակությունը և դրանով իսկ փորձելով մանիպուլացնել ֆուտբոլային հասարակությանը:
Անհրաժեշտության դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ֆուտբոլային հանրությանը ներկայացնել վերոնշյալ նամակը:
ՀՖՖ-ն ստիպված է հերթական անգամ փաստել, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունները և հայտարարությունները ոչ ավելին են, քան էժանագին մանիպուլյացիա:
Կարճ ասած՝ եթե «Փյունիկը» ցանկանա խաղալ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ՀՖՖ-ն չի պատրաստվում որևէ կերպ խոչընդոտել դրան»,- նշել է Արթուր Ազարյանը։


