Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը Հայաստանի հավաքականի հետ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղից հետո՝ «Ֆասթ Մեդիա»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում, խոսել է Հայաստանի ազգային հավաքականի մասին:
«Սա ֆուտբոլ է: Մարդիկ միշտ շատ են խոսում. խաղացողները խոսում են, մարզիչները խոսում են, լրագրողները խոսում են, բայց կա միայն մի տարբերակ՝ աշխատել, քրտնաջան աշխատել:
Տեսեք, մեկուկես տարի առաջ մենք պարտվեցինք Իսպանիայի հավաքականին 1-7 հաշվով, բայց դա մեզ չկանգնեցրեց. մենք շարունակեցինք տքնաջան աշխատել, ավելի լավը դառնալ, և հիմա այս դիրքում ենք:
Գուցե հիմա բարդ ժամանակահատված է Հայաստանի հավաքականի համար, բայց միակ բանը, որ ցանկանում եմ Հայաստանին, լավ օրեր ունենալն է: Հայաստանը շատ ջերմ երկիր է, ու որպես ֆրանսիացի՝ ես գիտեմ, որ մենք շատ ամուր կապ ունենք Հայաստանի հետ: Ես ճանաչում եմ հայ մարդկանց, նրանք շատ ուժեղ ու ջերմ են: Վստահ եմ՝ լավ օրերը վաղ թե ուշ կգան»,- ասել է Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը: