«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարծում է, որ «Ֆուլհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խաղում իր թիմի խփած երկրորդ գոլը չպետք է գրանցվեր:
«Ես նույնպես կարծում եմ, որ խաղից դուրս վիճակ էր: Նրանց փոխարեն ես նույնպես կզայրանայի: Բայց կա այն, ինչ կա: Հավանաբար, «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն իրենց շատ վատ են զգում»,- նորվեգացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը:
Վիճելի գոլը գրանցվել է առաջին խաղակեսին ավելացրած ժամանակում: Նաթան Ակեի հարվածից հետո գնդակն անցել է Մանուել Ականջիի կողքով և հայտնվել դարպասում: Մրցավարը տեսակրկնության համակարգը դիտելուց հետո որոշել է, որ Ականջին պասիվ խաղից դուրս վիճակում էր:
Այդ խաղում «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթանակ էր տարել 5-1 հաշվով, իսկ Էրլինգ Հոլանդը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ ու 7 գոլով միանձնյա գլխավորել ռմբարկուների ցուցակը։