Logo

Մերոնք դրսում․ Սպասվող խաղերի ժամանակացույցը և ոչ միայն

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
17:33 / 03.05.2024Ֆուտբոլ
null

Vnews-ը ներկայացնում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների` առաջիկա օրերին սպասվող հանդիպումների ժամանակացույցը և հետաքրքիր տեղեկություններ։

Նարեկ Գրիգորյան

Ռումինիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 8-րդ տուր, «Ֆարուլ» - «Սեպսի» (Մայիսի 3, Երևանի ժամանակով 21:00)

«Ֆարուլը» 35 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Սեպսին» 28 միավորով 6-րդն է: 

«Ֆարուլը» 3 անընդմեջ հաղթանակից հետո նախորդ տուրում 1-2 հաշվով պարտվեց «Ստյաուային», իսկ «Սեպսին» անցած 6 խաղում միայն 1 հաղթանակ է տարել: Նարեկ Գրիգորյանը թեթև վնասվածքի պատճառով բաց թողեց «Ֆարուլի» նախորդ 2 խաղերը, սակայն առաջիկա հանդիպմանը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի դաշտ դուրս գալուն:

Վարազդատ Հարոյան

Չինաստանի Սուպերլիգա, 10-րդ տուր, «Ցինաո Ուեսթ Քոսթ» - «Շանդուն Տայշան» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 15:35)

«Շանդուն Տայշանը» 17 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը, իսկ «Ցինդաո Ուեսթ Քոսթը» 8 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը:

«Շանդուն Տայշանը» խաղին մոտենում է 3 անընդմեջ հաղթանակով, իսկ «Ցինդաո Ուեսթ Քոսթը» նախորդ 5 խաղում 1 միավոր է վաստակել: Վարազդատ Հարոյանը որակազրկումից հետո նախորդ տուրում ամբողջական հանդիպում անցկացրեց, իսկ «Ցինդաո Ուեսթ Քոսթը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Մեյչժոու Հակայի» հետ:

Անդրե Կալիզիր

Շվեդիայի առաջնություն, 7-րդ տուր, «Մյոլբյու» - «Բրոմապոյկարնա» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 17:00)

«Մյոլբյուն» 10 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բրոմապոյկարնան» 8 միավորով 10-րդն է:

Թիմերի միջև կայացած նախորդ 4 խաղում «Բրոմապոյկարնան» նույնքան հաղթանակ է տարել: Անդրե Կալիզիրը «Բրոմապոյկարնայի» կազմում մասնակցել է նախորդ 6 խաղից 4-ին, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Տիգրան Բարսեղյան

Սլովակիայի առաջնություն, չեմպիոնական գոտու 8-րդ տուր, «Սլովան» - «Ժիլինա» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 20:00)

Չեմպիոնությունն ապահոված «Սլովանը» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ժիլինան» 51 միավորով 3-րդ տեղում է:

Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղում «Սլովանը» նույնքան հաղթանակ է տարել: Ընթացիկ մրցաշրջանում առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Ժիլինայի» դեմ խաղերում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Սարգիս Ադամյան

Գերմանիայի Բունդեսլիգա, 32-րդ տուր, «Քյոլն» - «Ֆրայբուրգ» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 20:30)

«Ֆրայբուրգը» 40 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ «Քյոլնը» 23 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:

Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Քյոլնը» նախորդ 12 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել: Նախորդ տուրում «Այծերը» միայն ավելացված ժամանակում կարողացան խուսափել պարտությունից: Փոխարինման դուրս եկած Սարգիս Ադամյանը վաստակեց 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Ֆլորիան Կայնցը: «Ֆրայբուրգի» դեմ անցկացրած նախորդ 3 խաղում «Քյոլնը» նույնքան պարտություն է կրել և գոլ չի խփել:

Էդուարդ Սպերցյան և Գեորգի Հարությունյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր, «Կրասնոդար» - «Ախմատ» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 20:30)

«Կրասնոդարը» 50 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Ախմատը» 29 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

«Ցլերը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղացին «Կռիլյա Սովետովի» հետ՝ չկարողանալով օգտվել առաջատար «Զենիթի» սայթաքումից և բարձրանալ առաջին տեղ: «Ախմատը» նորանշանակ գլխավոր մարզիչ Մագոմեդ Ադիևի առաջնորդությամբ նախորդ 3 խաղում նույնքան հաղթանակ է տարել:

Ստյոպա Մկրտչյան

Խորվաթիայի առաջնություն, 33-րդ տուր, «Օսիեկ» - «Լոկոմոտիվ» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 21:30)

«Օսիեկը» 48 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Լոկոմոտիվը» 47 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

«Օսիեկը» նախորդ 5 խաղից 4-ում հաղթել է, իսկ Ստյոպա Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից երկուսին: Թիմերի միջև կայացած նախորդ խաղում «Լոկոմոտիվը» հաղթել է 1-0 հաշվով, իսկ դրան նախորդած 4 հանդիպումները ոչ-ոքի են ավարտվել:

Հենրիխ Մխիթարյան

Իտալիայի Ա սերիա, 35-րդ տուր, «Սասուոլո» - «Ինտեր» (Մայիսի 4, Երևանի ժամանակով 22:45)

Չեմպիոնությունը նվաճած «Ինտերն» ունի 89 միավոր, իսկ «Սասուոլոն» 26 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը:

«Ինտերն» Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր միակ պարտությունը կրել է «Սասուոլոյից», որն այս խաղին մոտենում է 2 անընդմեջ պարտությամբ, իսկ «Ներաձուրին» նախորդ 2 խաղում նույնքան հաղթանակ է տարել:

Էդգար Սևիկյան

Հունգարիայի առաջնություն, 31-րդ տուր, «Ֆերենցվարոշ» - «Դեբրեցեն» (Մայիսի 5, Երևանի ժամանակով 20:30)

«Ֆերենցվարոշը», որն ապահովել է առաջին տեղը, ունի 68 միավոր, իսկ «Դեբրեցենը» 45 միավորով 5-րդ տեղում է:

Թիմերի միջև նախորդ հանդիպումը կայացավ Հունգարիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, որտեղ «Ֆերենցվարոշը» հաղթեց և հետագայում հասավ եզրափակիչ: Հենց «Դեբրեցենի» դեմ գավաթային խաղում էլ Էդգար Սևիկյանն առաջին անգամ ընդգրկվեց «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում:

Տիգրան Ավանեսյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր, «Ուրալ» - «Բալթիկա» (Մայիսի 6, Երևանի ժամանակով 16:45)

«Բալթիկան» 26 միավորով 13-րդն է, իսկ «Ուրալը» 25 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ տեղը:

2 թիմերն էլ վտանգավոր գոտում են, և այս հանդիպումը շատ կարևոր է թե՛ «Ուրալի», թե՛ «Բալթիկայի» համար: Կալինինգրադը ներկայացնող թիմը խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ, քանի որ Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների գոտու կիսաեզրափակիչում մայիսի 2-ին 1-0 հաշվով կարողացավ հաղթել «Ռոստովին»: «Բալթիկայի» հաղթական գոլը խփեց Տիգրան Ավանեսյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին:

Վահան Բիչախչյան

Լեհաստանի առաջնություն, 31-րդ տուր, «Պոգոն» - «Պուշչա» (Մայիսի 6, Երևանի ժամանակով 21:00)

«Պոգոնը» 48 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Պուշչան» 33 միավորով 14-րդ տեղն է:

«Պոգոնն» այնքան էլ բարձր տրամադրությամբ չի մոտենում խաղին: Շեցինը ներկայացնող ակումբն առաջնության նախորդ 2 տուրում 1 միավոր է վաստակել, իսկ մայիսի 2-ին, շատ մոտ լինելով Լեհաստանի գավաթը նվաճելուն, չկարողացավ պահել հաղթական հաշիվը և պարտություն կրեց «Վիսլայի» դեմ եզրափակիչի խաղում: «Պուշչան» էլ նախորդ 7 խաղում տարել է 2 հաղթանակ և գրանցել 5 ոչ-ոքի:

Ուգոչուկվու Իվու

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր, ԲԿՄԱ - «Ռուբին» (Մայիսի 6, Երևանի ժամանակով 21:30) 

ԲԿՄԱ-ն 38 միավորով 8-րդ տեղում է և 1 միավոր է առաջ «Ռուբինից», որն 9-րդն է:

ԲԿՄԱ-ն վերջին 4 խաղում չի հաղթել, կազանցիներն էլ նախորդ 3 խաղում հաղթել են առաջատար «Զենիթին», ինչպես նաև ոչ-ոքի են խաղացել «Լոկոմոտիվի» և «Ուրալի» հետ: «Ռուբինը» ԲԿՄԱ-ի ամենաանհարմար մրցակիցներից մեկն է: Թիմերի միջև կայացած նախորդ 8 խաղում Կազանի թիմը 4 հաղթանակ է տարել, 3 անգամ էլ ոչ-ոքի խաղացել: Բանակայինները միակ հաղթանակը տարել են 2022 թվականին՝ առավելության հասնելով 6-1 հաշվով:

Նաիր Թիկնիզյան և Խորեն Բայրամյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 27-րդ տուր, «Լոկոմոտիվ» - «Ռոստով» (Մայիսի 6, Երևանի ժամանակով 21:30)

«Լոկոմոտիվը» 41 միավորով 5-րդ տեղում է, իսկ 40 միավոր հավաքած «Ռոստովը» զբաղեցնում է 7-րդ տեղը։

Նախորդ տուրում «Երկաթուղայինները» մոսկովյան դերբիում 2-3 հաշվով պարտվեցին «Սպարտակին»: Նաիր Թիկնիզյանը վատառողջ լինելու պատճառով բաց է թողել «Լոկոմոտիվի» նախորդ 2 խաղերը: «Ռոստովը» գավաթի խաղարկությունում պայքարը զիջեց «Բալթիկային», իսկ այդ խաղում թիմի ավագը Խորեն Բայրամյանն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա