«Ոգևորիչ է, որ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց հաղթողի համար նախատեսված աշխարհի գավաթը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, դա աննախադեպ նվաճում է հայկական ծանրամարտի տարեգրությունում»։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում նշեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը՝ ամփոփելով Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Մարզիչի խոսքով, գրեթե բոլոր տղաներն էլ արդարացրել են սպասելիքները։
«Արդյունքները շատ լավն են։ Որևէ մեկին չեմ առանձնացնի, որովհետև բոլորն էլ հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում։ Հատկապես ուրախացրեց երկամարտի գումարով չեմպիոն հռչակված 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, որը գրանցեց նորմալ արդյունք։ Էջմիածնեցի պատանին վերջերս է փոխել քաշային կարգը։ Անցյալ տարի նա դարձել էր դեռահասների Եվրոպայի չեմպիոն, իսկ հիմա էլ հաղթեց այս տարիքային խմբում։
Արծաթե մեդալ նվաճած գերծանր քաշային Գագիկ Մկրտչյանը նույնպես այս տարի է համալրել այս հավաքականը։ Նա ևս առանձնացավ բավականին լավ արդյունքներով՝ պոկում վարժությունում գրանցելով 139 կգ, իսկ հրում մրցաձևում՝ 174 կգ։
Բրոնզե մեդալակիր դարձան Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ)։ Նրանցից առաջինը 2022 թվականին նվաճել էր դեռահասների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Այս անգամ հանդես եկավ ավելի բարձր քաշային կարգում և աչքի ընկավ բարձր ցուցանիշներով։ Իրեն նմանապես լավ դրսևորեց նաև Աշոտը, որը նախորդ մրցաշրջանում դարձել էր դեռահասների եվրոպական ստուգատեսի բրոնզե մրցանակակիր։ Իսկ Նարեկ Մկրտչյանն (73 կգ) այս անգամ բավարարվեց հրում վարժությունից նվաճած փոքր բրոնզե մեդալով։ Նա նույնպես կարող էր մրցանակակիր դառնալ երկամարտի գումարով, սակայն ստացվեց այնպես, որ գրավեց միայն 5-րդ տեղը։
Ոգևորիչ է, որ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց հաղթողի համար նախատեսված աշխարհի գավաթը։ Եթե հիշողությունս չի դավաճանում, դա աննախադեպ ձեռքբերում է հայկական ծանրամարտի տարեգրությունում։
Ընդհանուր առմամբ՝ ունենք հեռանկարային պատանի ծանրորդներ, որոնք տեսանելի ապագայում կարող են հասնել լուրջ բարձունքների։ Նրանցից հինգը ծնվել են 2006 թվականին, մնացածը՝ մեկ տարով փոքր են և 2024 թվականին դարձյալ հանդես են գալու պատանեկան տարիքային խմբում։ 2006-ին ծնվածները հաջորդ տարի կհամալրեն մեր երկրի երիտասարդական հավաքականը, որին հնարավոր է միանան նաև 17 տարեկան ծանրորդներից մի քանիսը։ Դա կախված է նրանց արդյունքների դինամիկայից»,- ներկայացրեց Երվանդ Կիրակոսյանը։
Ավագ մարզիչը նշեց նաև, որ առաջիկայում թիմը պատրաստվելու է հունիսի 1-10-ը Մոլդովայում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ «Նախատեսել ենք անցկացնել երեք ուսումնամարզական հավաք։ Եվրոպայի առաջնությանը, կարծում եմ, կմասնակցեն այս նույն 8 տղաները, որոնք առանձնանում են ուշագրավ արդյունքներով։ Ունենք և այլ թեկնածուներ, ուստի մտածում ենք լիարժեք կազմով՝ 10 մարզիկով հանդես գալու մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ալբանիայում Հայաստանի թիմը 6 մեդալ էր նվաճել երկամարտում։ Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) հռչակվել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, Գագիկ Մկրտչյանը (+102 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Աղջիկների պայքարում մեդալակիր էր դարձել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ), որոնք երկամարտում գրավել էին երրորդ տեղը։