FastNews-ը շարունակում է Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վեստ Արմենիային»:
1.Fastex Պրեմիեր լիգայում 2-րդ մրցաշրջանն անցկացնող «Վեստ Արմենիան» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 8-րդ հորիզոնականում՝ նոր գլխավոր մարզիչ Պատրիկ Պապյանի գլխավորությամբ 18 հանդիպումներում վաստակելով 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 18-42), ինչը հնարավոր միավորների 31,4 տոկոսն է:
Իրականում «Վեստ Արմենիան» 17 խաղ անցկացրեց՝ չներկայանալով «Փյունիկի» հետ նոյեմբերի 21-ին նշանակված 17-րդ տուրի հանդիպմանը, որի համար թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Իսկ «Ուրարտուի» հետ 7-րդ տուրի խաղում, որում «Վեստ Արմենիան» հաղթել էր 2-1 հաշվով, լեգեոնականների լիմիտը խախտելու պատճառով Պատրիկ Պապյանի գլխավորած թիմին 0-3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց: Այնպես որ, իրականում «Վեստ Արմենիան» 20 գոլ խփեց, սեփական դարպասը 37 գոլ բաց թողեց:
Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Վեստ Արմենիան» 4 միավոր ավելի է վաստակել: Հիշեցնենք, որ 2023/24թթ. առաջնության 18 հանդիպումներում «Վեստ Արմենիան» 13 միավոր էր վաստակել (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 13 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 21-46) և ընթանում էր մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
2. Սեփական դաշտում անցկացրած 9 հանդիպումներում «Վեստ Արմենիայի» օգտին 8 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-16), ինչը հնարավոր միավորների 29,6 տոկոսն է: Տնային խաղերում «Վեստ Արմենիան» պարտվել է ԲԿՄԱ-ին (2-5), «Արարատին» (1-2), «Փյունիկին» (1-3), «Արարատ-Արմենիային» (1-2) և «Վանին» (0-2):
Հյուրընկալվելիս 8 հանդիպումներում «Վեստ Արմենիան» վաստակեց 9 միավոր (3 հաղթանակ, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 7-26), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: Մրցակցի դաշտում «Վեստ Արմենիան» հաղթել է «Ալաշկերտին» (2-0), «Գանձասարին» (1-0) և «Արարատին» (3-2):
Նշենք, որ «Ուրարտուի» նկատմամբ չեղարկված հաղթանակը «Վեստ Արմենիան» տարել էր հյուրընկալվելիս, իսկ «Փյունիկի» հետ չկայացած խաղը ևս նշանակված էր մրցակցի դաշտում:
3. «Վեստ Արմենիան» առաջնությունը սկսեց 4 անընդմեջ պարտությամբ: 2 անգամ թիմին հաջողվեց 2 անընդմեջ հաղթանակ տոնել: Միայն 5 խաղում թիմի դարպասն անառիկ մնաց, նույնքան անգամ էլ Պատրիկ Պապյանի սաներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասը:
Երևանյան թիմը թարմացրեց ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով պարտությունների հակառեկորդը՝ 0-6 հաշվով զիջելով «Վանին» և 1-7 հաշվով պարտվելով «Նոային»: Ի դեպ, «Նոայի» հետ հանդիպումն ամենագոլառատն էր «Վեստ Արմենիայի» պատմության մեջ Fastex Պրեմիեր լիգայում:
Մինչև այդ նախորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիան» ամենախոշոր հաշվով պարտությունները կրել էր «Արարատ-Արմենիայից» (0-4) և «Նոայից» (1-5): Ընդհանուր առմամբ «Վեստ Արմենիան» առաջնության աշնանային հատվածում խոշոր հաշվով 4 պարտություն կրեց՝ զիջելով նաև ԲԿՄԱ-ին (2-5) ու «Արարատ-Արմենիային» (0-3): «Վեստ Արմենիան» խոշոր հաշվով հաղթանակ չտոնեց:
4. «Վեստ Արմենիայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 5 հարված, որոնք իրացվել են: Թիմի օգտին նշանակված 11մ 3 հարվածներն էլ հաջող է իրացրել Զախար Տարասենկոն՝ խոցելով բանակային Արման Ներսեսյանի, Արսեն Բեգլարյանի («Արարատ-Արմենիա») և ալաշկերտցի Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասները:
Անդրիա Դրագոևիչի դարպասին նշանակված 11մ 2 հարվածներն էլ իրացրել են «Վանի» հարձակվող Մոմո Տուրեն և Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»):
5. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 17 հանդիպումներում «Վեստ Արմենիան» 20 գոլ խփեց: Գոլերի հեղինակներ դարձան թիմի 9 ֆուտբոլիստներ: Արթուր Դանիելյանը, Արթուր Քարտաշյանը, Արսեն Եղիազարյանը, Մարտին Գրիգորյանը, Տիգրան Այունցը, Յուսուֆ Իբրահիմն ու Արթուր Իսրայելյանը բացեցին գոլերի հաշիվը «Վեստ Արմենիայի» կազմում:
Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց Զախար Տարասենկոն՝ խփելով 7 գոլ: Նա հիանալի հնարավորություն ունի գերազանցելու նախորդ մրցաշրջանի արդյունավետության իր ռեկորդային ցուցանիշը (8 գոլ):
Ռուս ֆուտբոլիստը Fastex Պրեմիեր լիգայում թիմի կազմում խփած 15 գոլով «Վեստ Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն է:
6. Արթուր Իսրայելյանը դարձավ «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 20 տարեկան 265 օրականում: Նա գերազանցեց Յուրի Մարտիրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացել էր 20 տարեկան 315 օրականում:
Յուսուֆ Իբրահիմը (20 տարեկան 330 օրական) ընդգրկվեց «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
Արթուր Քարտաշյանը (27 տարեկան 330 օրական), Արթուր Դանիելյանը (26 տարեկան 241 օրական) և Արսեն Եղիազարյանն (24 տարեկան 222 օրական) ընդգրկվեցին «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
7. «Վեստ Արմենիան» առաջնության այն երկու թիմերից մեկն է (մյուսն «Ալաշկերտն» է), որի դարպասը պաշտպանեցին 3 դարպասապահներ: Մեկնարկային երկու խաղերում դարպասում Անատոլի Այվազովն էր, որը 7 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 3,5 գոլ):
Անդրիա Դրագոևիչը 14 խաղում 27 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,92 գոլ), 5 անգամ դարպասն անառիկ պահեց: Էրիկ Լյանսբերգն «Արարատ-Արմենիայի» հետ խաղում 3 անգամ գնդակը հանեց ցանցից:
8. Առաջնության աշնանային հատվածում «Վեստ Արմենիայի» ամենատարեց ֆուտբոլիստն Անդրիա Դրագոևիչն էր, որը դեկտեմբերի 15-ին «Նոայի» հետ խաղում 32 տարեկան 356 օրական էր: Այդ ցուցանիշով Դրագոևիչը թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Ալեքս Ջունիոր Քրիստիանը (31 տարեկան 217 օրական) և Տիմուր Ռուդոսսելսկին (29 տարեկան 315 օրական) ընդգրկվեցին թիմի պատմության ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:
Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (146) «Վեստ Արմենիայի» ամենափորձառու ֆուտբոլիստն Արթուր Քարտաշյանն էր: Իսկ թիմի կազմում Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (45) ռեկորդակիրը Զախար Տարասենկոն է: Նա գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Ստրելնիկի ցուցանիշը, որը 35 խաղի էր մասնակցել:
9. Սուլեյման Իբրահիմը և Իսսա Ջիբրիլ Տրաորեն թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստներն են: Տրաորեն դարձավ «Վեստ Արմենիայի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Օգոստոսի 9-ին ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում նա թիմի կազմում նորամուտը նշել էր 18 տարեկան 323 օրականում: Տրաորեն գերազանցեց Յուրի Մարտիրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որը թիմի կազմում իր առաջին խաղն անցկացրել էր 20 տարեկան 51 օրականում:
Սուլեյման Իբրահիմը (18 տարեկան 330 օրական), Վիկտոր Սանդեյ Չիմեզին (20 տարեկան 71 օրական), Էրիկ Լյանսբերգը (20 տարեկան 172 օրական), Արմեն Սարգսյանը (20 տարեկան 186 օրական) և Ուզոչուկվու Նվաբուեզեն (20 տարեկան 191 օրական) ընդգրկվեցին «Վեստ Արմենիայի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:
10. «Վեստ Արմենիայի» կազմում առաջնության աշնանային հատվածում խաղադաշտ դուրս եկան 28 ֆուտբոլիստներ, որոնցից 13-ն այլազգի էին: Նրանցից միայն 4-ը՝ Հաջի Դրամեն, Վահրամ Մախսուդյանը, Զախար Տարասենկոն և Սպարտակ Հայրապետյանն են նախորդ մրցաշրջանում խաղացել «Վեստ Արմենիայում»:
«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստներն առաջնության մասնակիցներից առավել հաճախ են քարտերի արժանացել: Նրանք 50 դեղին քարտ են ստացել, Ավենտիս Ավենտիսյանն ու Արմեն Սարգսյանն էլ մեկական անգամ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 5-ական անգամ դեղին քարտի են արժանացել Արթուր Դանիելյանը, Տիմուր Ռուդոսսելսկին և Արթուր Քարտաշյանը:
FastNews-ը ներկայացնում է «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստների ցուցանիշները Fastex Պրեմիեր լիգայի աշնանային հատվածում:
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
Գոլ |
Զ (Հ) |
1. Հաջի Դրամե |
17 |
2 |
3 |
2. Ջեֆերսոն Գրանադո |
17 |
- |
3 |
3. Արամ Քոչարյան |
15 |
- |
2 |
4. Վիկտոր Սանդեյ Չիմեզի |
15 |
- |
1 |
5. Արթուր Դանիելյան |
14 |
2 |
5 |
6. Ալեքս Ջունիոր Քրիստիան |
14 |
- |
4 |
7. Անդրիա Դրագոևիչ |
14 |
-27 |
3 |
8. Զախար Տարասենկո |
13 |
7 |
1 |
9. Արթուր Իսրայելյան |
13 |
1 |
- |
10. Արթուր Քարտաշյան |
13 |
1 |
5 |
11. Վահրամ Մախսուդյան |
12 |
- |
4 |
12. Ավենտիս Ավենտիսյան |
12 |
- |
1 (1) |
13. Արսեն Եղիազարյան |
10 |
1 |
- |
14. Էրիկ Սմբատյան |
10 |
- |
1 |
15. Տիմուր Ռուդոսսելսկի |
10 |
- |
5 |
16. Արմեն Սարգսյան |
10 |
- |
2 (1) |
17. Մարտին Գրիգորյան |
9 |
2 |
- |
18. Տիգրան Այունց |
8 |
1 |
2 |
19. Յուսուֆ Իբրահիմ |
7 |
3 |
3 |
20. Սուլեյման Իբրահիմ Իդրիս |
7 |
- |
2 |
21. Բրաիմա Կանդե |
6 |
- |
1 |
22. Ուզոչուկվու Նվաբուեզե |
6 |
- |
1 |
23. Տիգրան Սարգսյան |
5 |
- |
1 |
24. Արտակ Ասատրյան |
5 |
- |
- |
25. Անատոլի Այվազով |
2 |
-7 |
- |
26. Սպարտակ Հայրապետյան |
1 |
- |
- |
27. Իսսա Ջիբրիլ Տրաորե |
1 |
- |
- |
28. Էրիկ Լյանսբերգ |
1 |
-3 |
- |