Ռուսաստանը ներկայացնող երկու հայ ըմբիշներ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մայիսի 25-ին կպայքարեն բրոնզե մեդալի համար:
Առաջին մրցումային օրը գորգը տրամադրվել է ազատ ոճի ըմբիշներին: Հերբերտ Հակոբյանը (57 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 5-15 հաշվով պարտվել է թուրք ըմբիշի: Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կմրցի ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովի հետ:
Արսեն Բալայանը (79 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 10-0 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Օտարի Ադեիշվիլիին, քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով առավելության է հասել բելառուս Արտեմ Բելոուսովի նկատմամբ, սակայն կիսաեզրափակիչում 1-3 հաշվով պարտվել է Եվրոպայի փոխչեմպիոն, հույն Գեորգիոս Կոուգիոմցիդիսին: Բալայանը բրոնզե մեդալը կվիճարկի իտալացի և լեհ ըմբիշների գոտեմարտի հաղթողի հետ: