Բաքվում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին կմասնակցի երկու հայ ըմբիշ։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ապրիլի 5-7-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարի մասնակիցների ցանկը։
Մրցավայր կմեկնեն նաև Ուկրաինան ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Էրիկ Առուշանյանը (65 կգ) և Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սահակյանը (67 կգ)։
Հայաստանի հավաքականը չի մասնակցի մրցաշարին։
Հիշեցնենք, որ Հայաստանն ըմբշամարտում առայժմ ունի 5 օլիմպիական ուղեգիր։ Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և հունահռոմեականներ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ Փարիզ-2024-ի համար վերջին վարկանիշային մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսի 9-12-ին։


