Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներ Յուրիկ Հովեյանը (63 կգ) և Վիգեն Նազարյանը (87 կգ) դուրս եկան եզրափակիչ:
Յուրիկ Հովեյանը կիսաեզրափակիչում ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Ֆուրկան Էրկենի նկատմամբ՝ 12-1: Հայ ըմբիշը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր չեխ Մատուս Յանկովիչին, իսկ հաջորդ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակի էր հասել ադրբեջանցի Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ:
Հունիսի 27-ին կայանալիք եզրափակիչում Յուրիկ Հովեյանը կմրցի մոլդովացի Վիտալի Երյոմենկոյի հետ։
Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Վիգեն Նազարյանը կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթեց շվեդ Համզա Սերտչանլիին:
Նազարյանը մեկնարկային գոտեմարտում 9-0 հաշվով առավելության էր հասել հունգարացի Լեվենտե Սոկոլի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում կրկին բացահայտ առավելությամբ վաղաժամ հաղթել էր մոլդովացի Կրիստիանա Ռուսուին: Հունիսի 27-ին հայ ըմբիշը ոսկե մեդալը կվիճարկի վրացի Աչիկո Բոլկվաձեի հետ։
Հոմերոս Առաքելյանը (55 կգ) կիսաեզրափակիչում պարտվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլմիր Ալիևին և կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Առաքելյանը նույնպես մեկնարկել էր 1/8 եզրափակիչից ու 8-0 հաշվով առավելության հասել իսրայելցի Ամարե Ֆետենեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը տուշեով հաղթել էր վրացի Թամազի Գլոնտիին:
Վահե Հովհաննիսյանը (77 կգ) որակավորման փուլում հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում պարտվել էր ադրբեջանցի Դավուդ Մամադովին, որը դուրս է եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Հունիսի 27-ին Հովհաննիսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ուկրաինացի Ռուսլան Աբդիևի հետ։
Արամայիս Հարությունյանը (130 կգ) որակավորման փուլում 0-9 հաշվով պարտվել էր Թուրքիայի ներկայացուցիչ Թալիփ Սիֆտչիին ու դուրս մնացել պայքարից։
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պայքարը կսկսեն հունիսի 27-ին։


