Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Հոմերոս Առաքելյանը (55 կգ) 1/8 եզրափակիչում 8-0 հաշվով առավելության է հասել իսրայելցի Ամարե Ֆետենեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է վրացի Թամազի Գլոնտիին: Երեկոյան մրցահերթում Առաքելյանը երափակիչի ուղեգրի համար կպայքարի ադրբեջանցի Էլմիր Ալիևի հետ։
Յուրիկ Հովեյանը (63 կգ) ևս մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է չեխ Մատուս Յանկովիչին, իսկ հաջորդ գոտեմարտում 8-5 հաշվով կամային հաղթանակի է հասել ադրբեջանցի Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ: Հայ ըմբիշը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի թուրք Ֆուրկան Էրկենի հետ:
Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ) 1/8 եզրափակիչում 9-0 հաշվով առավելության է հասել հունգարացի Լեվենտե Սոկոլի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում կրկին բացահայտ առավելությամբ վաղաժամ հաղթել է մոլդովացի Կրիստիանա Ռուսուին: Կիսաեզրափակիչում Նազարյանը կմրցի Շվեդիայի ներկայացուցիչ Համզա Սերչանլիի հետ։
Վահե Հովհաննիսյանը (77 կգ) որակավորման փուլում 4-1 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջալմարի Կայանեին, սակայն հաջորդ գոտեմարտում 1-7 հաշվով պարտվել է ադրբեջանցի Դավուդ Մամադովին։ Եթե ադրբեջանցին հասնի եզրափակիչ, ապա հայ ըմբիշը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:
Արամայիս Հարությունյանը (130 կգ) որակավորման փուլում 0-9 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Թալիփ Սիֆտչիին, որը հասել է կիսաեզրափակիչ: Եթե թուրք ըմբիշը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հունիսի 27-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտեր:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ), որոնք պայքարը կսկսեն հունիսի 27-ին։


