Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները տարել են ևս երկու հաղթանակ։
Երկրորդ հաղթանակն է գրանցել 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը, որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Արցախցի մարզիկը Կոսովոյի ներկայացուցչին հաղթել է ժամանակից շուտ։ Հայ բռնցքամարտիկի ուժգին հարվածաշարից հետո երկրորդ ռաունդում մրցակիցն արնահոսել է և մրցավարը դադարեցրել է մենամարտը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Գեղեցիկ հաղթանակ է տարել նաև 71 կգ քաշային Մարատ Միքայելյանը, որն առավելության է հասել իսպանացի Խոսե Լուիս Սաեզի նկատմամբ։ Առաջին ռաունդում 0։5 հաշվով պարտվելուց հետո Միքայելյանը հավաքվել է և հաջորդ երկու ռաունդներում հաղթանակի նժարը թեքել իր կողմը։ Երրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Ապրիլի 10-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ։ Եվրոպայի երիտասարդական առաջնության կանանց պայքարում Հայաստանը մասնակցում է 3, իսկ տղամարդկանց պայքարում՝ 13 բռնցքամարտիկով:


