Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություն Հայաստանի ներկայացուցիչներ Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) և Նարեկ Գրիգորյանը (79 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ:
Ավետիսյանը երրորդ տեղի համար պայքարում մրցեց Ռումինիայի ներկայացուցիչ Դանիել Սանդուի հետ և առավելության հասավ 10-0 հաշվով:
Նա 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ (10-0) հաղթել էր իսրայելցի Ռոնեն Կոլեսնիկին, իսկ քառորդ եզրափակիչում 10-4 հաշվով ուժեղ էր գտնվել ադրբեջանցի Ռամիկ Հեյբատովից։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 0-11 հաշվով պարտվել էր վրացի Գոգա Օտինաշվիլիին։
Գրիգորյանը երրորդ տեղի համար գոտեմարտեց բուլղարացի Ռադոմիր Ստոյանովի հետ և հաղթեց 4-1 հաշվով:
Նա երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում 4-9 հաշվով պարտվել էր գերմանացի Գրեգոր Էիգենբրոդտին, որը դուրս էր եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 11-0 հաշվով հաղթել էր սերբ Խոդեյ Կայավային:
Հուլիսի 2-ին ոսկե մեդալների համար կպայքարեն Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74կգ), Մուշեղ Մկրտչյանը (84 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով, նվաճել 5 մեդալ ու չորրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Վիգեն Նազարյանը (87 կգ) և Սուրեն Աղաջանյանը (60 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Տեսանյութ՝ ՀԸՖ մամուլի ծառայություն:


