Հայաստանի ներկայացուցիչ Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (Մ20) առաջնության բրոնզե մեդալակիր։
Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է թուրք Էնես Ուլկուի հետ և հաղթել 2-1 հաշվով։
Հովեյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և հաղթել Հնդկաստանի, Ղազախստանի, Շվեդիայի ներկայացուցիչներին ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 2-7 հաշվով պարտվել էր ամերիկացի Օտո Բլեքին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Ռուբեն Գևորգյանն (87 կգ) ու Արամայիս Հարությունյանը (130 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին պայքարի մեջ մտած հայ ըմբիշներից Աշոտ Խաչատրյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ, իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) կանցկացնի սփոփիչ գոտեմարտ ու կպայքարի բրոնզե մեդալի համար։ Արմեն Սուքիասյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ) և Արշակ Գեղամյանը (97 կգ) պարտվել են ու ավարտել ելույթները: