Հայաստանը ներկայացնող Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) մրցանակակիր դարձավ Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Հայ ծանրորդը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը և նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Մովսիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց չորրորդ տեղը:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Սերյոժա Բարսեղյանը (67 կգ) դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն: Նարեկ Մկրտչյանը (73 կգ) մարտի 28-ին նվաճել էր փոքր բրոնզե մեդալ, իսկ երկամարտում գրավել էր 5-րդ տեղը, իսկ Հովհաննես Ղահրամյանը (81 կգ) զբաղեցրել էր չորրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտել էր Ժորա Գրիգորյանը (61 կգ), որը երկամարտի 237 կգ (105+132) արդյունքով գրավել էր 7-րդ տեղը։
Տղամարդկանց Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):