Հորդանանի մայրաքաղաք Ամմանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ20 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ, որոնք պարտություն են կրել։
Էդիկ Հարությունյանը (57 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտվել է քառորդ եզրափակիչում, սակայն հնարավորություն է ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ նրան հաղթած ամերիկացի Լյուկ Լիլենդալը նվաճել է եզրափակիչի ուղեգիր։ Օգոստոսի 15-ին հայ ըմբիշն առաջին սփոփիչ գոտեմարտում կմրցի Լև Պավլով (Բուլղարիա) - Տոլգա Օզբեկ (Թուրքիա) գոտեմարտի հաղթողի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևի հետ։
Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) պարտություն է կրել հաղթանակով մեկնարկելուց հետո, Նարեկ Գրիգորյանը (79 կգ) պայքարից դուրս է մնացել 2 հաղթանակից ու քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո, իսկ Հայկ Պապիկյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (97 կգ) տանուլ են տվել մեկնարկային գոտեմարտերը։
Հայաստանի թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Լևիկ Միքայելյանը (61 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 15-ին։


