Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հաջող մրցելույթներ է ունեցել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Վրաստանի Գորի քաղաքում կայացած մրցաշարում Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ) դարձել են ոսկե մեդալակիր: Հարությունյանը և Պողոսյանը եզրափակիչ մենամարտերում հաղթել են համապատասխանաբար ադրբեջանցի և թուրք մրցակիցներին:
Արման Արզումանյանը (54 կգ), Հարություն Խաչատրյանը (63,5 կգ) և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։ նվաճել են արծաթե մեդալ, իսկ Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը դարձել են բրոնզե մեդալակիր:
Առաջիկայում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում և կպատրաստվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների առաջնությանը։


