Logo

Եռիշխանություն ռմբարկուների պայքարում, գարնանը Բեգլարյանի դարպասն անառիկ է. Fastex ՀՊԼ-ի 25-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:16 / 03.04.2023Հոդվածներ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 25-րդ տուրում առաջատար եռյակի թիմերը հերթական հաղթանակները տարան և ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: 

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին բոլոր 5 հանդիպումներում էլ: Ընդ որում հյուրերին չհաջողվեց գեթ մեկ գոլ խփել: Առաջնությունում անցկացված 125 հանդիպումներից 48-ում հաղթել են դաշտի տերերը, 52-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 25 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

5 խաղում խփվեց 10 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ): Առաջնությունում անցկացված 125 հանդիպումներում խփվել է 296 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,36 գոլ): 

2. «Ուրարտուն» Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 700-րդ խաղը նշեց 7-րդ անընդմեջ հաղթանակով: Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածում թիմին հաջողվել էր 8 անընդմեջ հաղթանակ տանել: Վերջին 6 հանդիպումներում «Ուրարտուի» դարպասն անառիկ է մնացել: Առաջնության առաջատարը միակն է, որ գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել:

Հայաստանի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով «Ուրարտուն» զիջում է «Շիրակին» (816 խաղ), «Փյունիկին» (797) և «Արարատին» (782): Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը Հայաստանի առաջնություններում 340-րդ հաղթանակը տոնեց:

2,5 տարվա ընդմիջումից հետո «Ուրարտուին» վերջապես հաջողվեց Fastex ՀՊԼ-ում կրկին հաղթել «Ալաշկերտին», որի հետ անցկացրած վերջին 8 խաղերից 3-ում պարտվել էր, 5-ում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել էր 2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը Եղիշե Մելիքյանն էր: 

3. «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածի 6-րդ խաղում էլ հաղթեց՝ տոնելով խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ հաղթանակը: Ընթացիկ առաջնությունում փյունիկցիներն արդեն խոշոր հաշվով 6 հաղթանակ են տոնել: Հետաքրքիր է, որ նախորդ առաջնության գարնանային հատվածն էլ «Փյունիկը» սկսել էր 5 անընդմեջ հաղթանակով, սակայն 6-րդ խաղում թիմի հաղթարշավն ընդհատել էր «Վանը»՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (1-1):

4. Յուսուֆ Օտուբանջոն և Ուիլֆրեդ Կուասի Էզան դուբլ ձևակերպելով, ընթացիկ առաջնությունում իրենց գոլերի թիվը հասցրին 11-ի և հավասարվեցին ռմբարկուների ցանկը գլխավորող նախկին ալաշկերտցի Բլադիմիր Դիասին: Էզան բացեց գոլերի հաշիվը 2023թ.: Իվուարցի հարձակվողն «Արարատ-Արմենիայում» խփած գոլերի թիվը հասցրեց 19-ի և Անտոն Կոբյալկոյի հետ եզրափակում է Fastex ՀՊԼ-ում թիմի պատմության լավագույն ռմբարկուների քառյակը:

Իսկ Օտուբանջոն առաջնության գարնանային հատվածի 6 հանդիպումներում արդեն 7 գոլ է խփել: Դա լավագույն արդյունքն է առաջնության երկրորդ հատվածում: 

Նիգերիացի հարձակվողը Fastex ՀՊԼ-ում խփած գոլերի թիվը հասցրեց 38-ի և շրջանցելով Սերժ Դեբլեին, եզրափակում է Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների եռյակը: Ցանկը 75 գնդակով գլխավորում է բրազիլացի Մարկոս Պիզելին, որին հաջորդում է 43 գոլ խփած հայիթցի Ջոնել Դեսիրեն: Պաշտոնական մրցումներում Օտուբանջոյի հաշվին 45 գոլ է գրանցված:

5. Ալեքսանդր Գլիշիչը բացեց գոլերի հաշիվն «Արարատում»՝ ընդգրկվելով Fastex ՀՊԼ-ում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: Նա «Լեռնային Արցախի» դարպասը գրավեց 30 տարեկան 209 օրականում:

Հայկ Իշխանյանն էլ ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում «Արարատում» խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Լեռնային Արցախի» հետ մրցավեճում փորձառու պաշտպանը 33 տարեկան 280 օրական էր: Նա ցանկից դուրս մղեց Կարեն Նավոյանին, որն «Արարատում» վերջին խաղն անցկացրել էր 33 տարեկան 275 օրականում: «Արարատի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը թիմի ներկայիս ավագ Հրայր Մկոյանն է (36 տարեկան 210 օրական):

6. Արթուր Սերոբյանը բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»: Ընթացիկ առաջնությունում Սերոբյանը 3-րդ գոլը խփեց, որոնցից երկուսը նրա հաշվին գրանցվել էին աշնանային հատվածում ԲԿՄԱ-ում խաղալիս: Հետաքրքիր է, որ այդ գոլերից մեկը երիտասարդ ֆուտբոլիստը խփել է հենց «Արարատ-Արմենիայի» դարպասը:

7. Դավիթ Մանոյանը նորամուտը նշեց «Վանի» կազմում և դարձավ ընթացիկ մրցաշրջանում թիմի ամենատարեց ֆուտբոլիստը: «Շիրակի» հետ խաղի օրը փորձառու ֆուտբոլիստը 32 տարեկան 270 օրական էր: «Վանի» պատմության մեջ Մանոյանը Fastex ՀՊԼ-ում չարենցավանյան ակումբում խաղացած ամենատարեց երկրորդ ֆուտբոլիստն է և զիջում է միայն թիմի նախկին դարպասապահ Նիկոլայ Ցիգանին (37 տարեկան 118 օրական):

8. Մարկո Պրլևիչը «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Մուսա Փոլ Բակայոկոյից (109 խաղ) և Սոլոմոն Իմե Ուդոյից (105) հետո սերբ պաշտպանը դարձավ այդ սահմանագիծը հատած «Շիրակի» 3-րդ լեգեոնականը:

9. ԲԿՄԱ-ի հետ խաղում միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Հենրի Ավագյանն ու Սերգեյ Միքայելյանը, պաշտպան Խուան Բրավոն և կիսապաշտպան Նարեկ Բարոյանը նորամուտը նշեցին «Փյունիկի» կազմում: Ընդ որում 17-ամյա Բարոյանն առաջին խաղն անցկացրեց Fastex ՀՊԼ-ում: 

«Փյունիկի» պատմության մեջ Fastex ՀՊԼ-ում թիմի դարպասն ընդհանուր առմամբ պաշտպանել են 39 դարպասապահներ: Նրանցից առավել շատ հանդիպումներ (82-ական) թիմի կազմում անցկացրել են Արթուր Ավագյանն ու ներկայումս «Արարատում» ելույթ ունեցող Գոռ Մանուկյանը:

Իսկ Խուան Բրավոն ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում «Փյունիկում» խաղացած ամենատարեց լեգեոնականների տասնյակում: ԲԿՄԱ-ի հետ խաղի օրը կոլումբացի ֆուտբոլիստը նշել էր իր ծննդյան 33-ամյակը:

10. Արսեն Բեգլարյանը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում 231-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց ամենափորձառու դարպասապահների հնգյակում՝ շրջանցելով «Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանին: Ցանկը գլխավորում է Հայաստանի առաջնությունների պատմության ամենատարեց դարպասապահ Գևորգ Կասպարովը, որը հայկական 9 ակումբներում ընդհանուր առմամբ 430 խաղ է անցկացրել: Նրան հաջորդում են Ռայմոնդ Զադուրյանը (325 խաղ), Էդիկ Երիցյանը (290) և Հարություն Աբրահամյանը (271):

Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնության գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել՝ 5-րդ անընդմեջ խաղում դարպասը պահելով անառիկ: Վերջին գոլն առաջնությունում Բեգլարյանը բաց է թողել անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղի 16-րդ րոպեին Տիագո Գալվաոյի հարվածից հետո: Այնպես որ 30-ամյա դարպասապահն արդեն 524 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Հայաստանի առաջնություններում Արսեն Բեգլարյանին 3-րդ անգամ հաջողվեց դարպասը 500 և ավելի րոպե անառիկ պահել: Լավագույն ցուցանիշը նա գրանցել է 2014թ.՝ 568 րոպե շարունակ անառիկ պահելով դարպասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա