«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը տեղյակ չէ, թե երբ է 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն միանալու անգլիական թիմին, սակայն վստահ է, որ այս ամառ նա չի հեռանա։
«Ռոնալդուի մասին նոր տեղեկություններ չկան։ Հավանաբար, այս իրավիճակում այնքան էլ տեղին չէ օգտագործել «անհանգստություն» բառը։ Կենտրոնացած եմ թիմի մարզումներին մասնակցող և իրենց հրաշալի դրսևորող խաղացողների հետ աշխատանքին։ Նրանք լավ մարզավիճակում են, բայց մենք շարունակում ենք կատարելագործել նախապատրաստությունը։ Անհամբերությամբ սպասում եմ Ռոնալդուի վերադարձին, որից հետո նրան կներառենք մեր խաղում»,- Manchester Evening News-ին հայտնել է հոլանդացի մասնագետը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընտանեկան պատճառներով չի մասնակցել նոր մրցաշրջանին «Մանչեսթեր Յունայթեդի» նախապատրաստական հավաքներին, ինչպես նաև Թայլանդ և Ավստրալիա կատարած մրցաշրջագայությանը։


