Երևանում կայացել է «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը։ Հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ՝ 2 արծաթե և 5 բրոնզե։
Մրցաշարին մասնակցել են 18 երկրից ժամանած մարզիկներ։ Մրցանակային հիմնադրամը, ինչպես անցած տարի, կազմել է 200 հազար դոլար, հաղորդում է Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Սամբոյի միջազգայի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովի կարգադրությամբ, հաջորդ տարի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» մրցաշարին կտրվի «Աշխարհի գավաթ» կարգավիճակ։
Հայաստանում սամբո մարզաձևի զարգացմանը նպաստելու համար, Վասիլի Շեստակովն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Արմեն Իսրայելյանը սամբոյի միջազգային ընտանիքի կողմից Գագիկ Ծառուկյանին հանձնել են հատուկ մրցանակ։