Logo

Գեղեցիկ շոու, լեփ-լեցուն տրիբունաներ․ Երևանում կայացավ ծանրամարտի ԵԱ-ի բացման արարողությունը․ VNews-ի ֆոտոշարքը

21:51 / 14.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին կայացավ ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։

Գեղեցիկ շոուից հետո խոսքով հանդես եկան ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի ԵԱ-ի անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի առաջնությունը հայտարարեց բացված։ Մարզահամերգային համալիրի տրիբունաները լեփ-լեցուն էին։ 

Արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը բարձրացավ բեմահարթակ, այրեց Ադրբեջանի դրոշը և հեռացրեց այն։ Միջամտեցին անվտանգության աշխատակիցները։

ԵԱ-ի համար Հայաստան է ժամանել նաև Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Ջալուդ Մուհամեդը, որը ևս ներկա էր բացման արարողությանը։ Մրցավարների թվում ընդգրկվել է ծանրամարտի կանանց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: ԵԱ-ի տեխնիկական պաշտոնյաների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Չոբանյանը և Արայիկ Ալավերդյանը, որը ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի որդին է։

VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը պատրաստել է ԵԱ-ի բացման արարողության ֆոտոռեպորտաժը:

Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 380 մարզիկներ, Ադրբեջանի հավաքականը կունենա 4 ծանրորդ։ Կխաղարկվի մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար:

ԵԱ-ում Հայաստանը 10-ական ներկայացուցիչ կունենա կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա