Logo

Երևանում կանցկացվի վոլեյբոլի Մ22 ԵԱ-ի ենթախմբային մրցաշար

15:17 / 14.07.2023Վոլեյբոլ
null

Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում հուլիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հովանու ներքո կանցկացվի վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության ենթախմբային մրցաշար, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Երևանում կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի թիմերը: 

«3-4 ամիս է՝ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, ու հիմա վերջնական փուլում ենք՝ դաշտի կահավորում, թիմերի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնք բոլորն արդեն լուծվել են: Այս առաջնությանը մենք նաև աննախադեպ աջակցություն ենք ստացել կառավարության կողմից, որպիսին չի եղել ֆեդերացիայի գործունեության ընթացքում։ Աջակցությունը շատ կարևոր է. շատ հարցեր ու խնդիրներ, որոնք նախկինում դժվարանում էինք լուծել, այժմ հնարավոր է:

Առաջնությանը լիովին պատրաստ ենք: «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրը հագեցած է վոլեյբոլի համար անհրաժեշտ ամբողջ գույքով և հարմարություններով: Ձևավորվել է երիտասարդ մեծ խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Վստահ եմ՝ շատ հետաքրքիր և բարձր մակարդակի առաջնություն կկազմակերպենք: Հայաստան են ժամանելու շատ լավ հավաքականներ, որոնք մեծահասակների պահեստային թիմերն են և խաղում են ամենաբարձրակարգ ակումբներում: Վստահ եմ՝ տեսնելու ենք որակական շատ բարձր մակարդակ:

Վստահ եմ՝ կլինեն խաղեր, որոնց ներկա գտնվել ցանկացողների քանակը շատ ավելի մեծ է լինելու: Թե՛ մարզերից, թե՛ Երևանից հետաքրքրությունը բավական մեծ է ինչպես վոլեյբոլիստների, այնպես էլ մարզասերների կողմից: Հատկապես հետաքրքիր է լինելու առաջին խաղը Պորտուգալիայի հավաքականի հետ: Վստահ եմ՝ մեր տղաները պատվով հանդես կգան ու իրենց ուժերի ներածին չափով կանեն առավելագույնը՝ պայքարելով մինչև վերջ»,- նշել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա