Logo

Երևանում բացվել է Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցը

18:07 / 11.07.2023Ֆուտբոլ
null

Երևանում բացվել է լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը անվան մարզադպրոցը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու անվանի հայ մարզիկներ:

«Կան մարդիկ, որոնք իրենց ընտանիքին չեն պատկանում, այլ ավելի լայն շրջանակի են պատկանում` երկրին, ժողովրդին: Խորեն Հովհաննիսյանն այդ անուններից մեկն է։ Ուրախ եմ, որ այսօր այսպիսի առիթով ենք հավաքված, որտեղ նաև ընդգծում ենք, որ մենք արժեքները չենք մոռանում, մարդկանց վաստակը և ներդրումը չենք մոռանում:

Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցն է կառուցվում Գյումրիում, Արթուր Աբրահամի մարզադպրոցի կառուցման ընթացքն է մեկնարկել Երևանում, Վիկ Դարչինյանի հետ աշխատանքային քննարկումների մեջ ենք: Քաղաքական որոշումը կա, մնում է շարունակությունն ապահովել: Սիմոն Մարտիրոսյանի դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտվում են, և նախնական պլանով օգոստոսին պետք է բացումը տեղի ունենա։ Շատ կարևոր որոշում ենք կայացրել` Ռոման և Մալխաս Ամոյանների մարզադպրոցը կառուցել Ալագյազ խոշորացված համայնքում:

Այս ամենը առաջին հերթին գնահատանք է մեր մեծանուն մարզիկների վաստակին և Հայաստանին բերած համբավին, մյուս կողմից էլ՝ սա սպորտի մասսայականացման կարևոր գործիք է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մարզադպրոցի շինարարական աշխատանքները սկսվել էին 2022 թվականի գարնանը: Սա Երևանի Կենտրոն համայնքում զրոյից կառուցված և լեգենդար ֆուտբոլիստի անունը կրող առաջին մարզադպրոցն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ:

Մարզադպրոցը նախատեսված է 250-300 երեխաների համար, որոնք հնարավորություն կունենան մարզվելու ամենօրյա ռեժիմով:

Մարզադպրոցը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին, ունի արհեստական խոտածածկով բարձր որակի խաղադաշտ, ադմինիստրատիվ շենքը ներառում է ջեռուցման և օդափոխության համակարգ, լսարաններ, աշխատասենյակներ, հանդերձարաններ և մարզասրահ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ