Արաբական արշավանքների մասին շատերը գիտեն դպրոցական դասագրքերից, բայց քչերը կպատկերացնեին, որ այդ արշավանքները կրկնվելու են արդեն նորագույն պատմության ընթացքում:
Սաուդյան Արաբիան ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում միայն գումարը և նավթը բավական չեն ազդեցություն ունենալու համար: Մեր աշխարհում շատ կարևոր է մտավոր ներուժը:
Սաուդցիներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում շոկի ենթարկեցին ֆուտբոլային աշխարհը: Շատերն այս երևույթը լուրջ չընկալեցին՝ կարծելով, թե հարուստ շեյխերը նոր խաղալիք են գտել զվարճանալու համար: Բայց այս արշավանքին արաբները վաղուց էին նախապատրաստվել:
Ինչպես բեդուինները քաղաքակրթություն կերտեցին
Ժամանակին Սաուդյան Արաբիան աղքատ պետությունն էր՝ բավականին ցածր կենսամակարդակ, կոմունիկացիաների և ենթակառուցվածքների բացակայություն, երկիրն անգամ զուրկ էր էլեկտրաէներգիայից:
Այժմ Արաբական թերակղզում տեղակայված այս թագավորությունը դարձել է դրախտավայր: Մայրաքաղաք Էր-Ռիյադն էլ վերածվել է գերժամանակակից մեգապոլիսի:
Հասկանալի է, որ այստեղ եկամուտի հիմնական աղբյուրը նավթն է: «Սև ոսկու» հանքերը սկսեցին շահագործվել այն բանից հետո, երբ 1964 թվականին թագավորական գահին բազմեց Ֆեյսալ իբն Աբդուլ-Ազիզը՝ Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադիր և առաջին թագավոր Աբդուլ Ազիզ իբն Ֆեյսալի երրորդ որդին:
Արդեն 1966-ին թագավորությունը 119.5 միլիոն տոննա նավթ արտահանեց: 1973-ին նավթի արտահանման ծավալները հասան 375.5 միլիոն տոննայի, իսկ 1976-ին Սաուդյան Արաբիան դարձավ նավթի արտահանման համաշխարհային գիգանտ: Ինչպես բարի հեքիաթներում, այստեղ էլ թագավորությունը սկսեց ծաղկել, ընդ որում, ծաղկում ապրեցին բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև կրթություն: Բարձր կենսամակարդակ, առաջադեմ տեխնոլոգիաներ: Սաուդյան Արաբիան այլևս լուրջ կշիռ ունեցող պետություն էր:

Թագաժառանգի ռազմավարական ծրագիրը
2014-ին, երբ համաշխարհային շուկայում նավթի գինը սկսեց կտրուկ նվազել, թագավորությունն իր մաշկի վրա այդքան էլ չզգաց այդ անկումը, բայց թագաժառանգ Բին Սալմանը ահազանգն ընդունեց ի գիտություն: Իսկ այն բանից հետո, երբ 2016-ին նավթի գինը մեկ բարելի համար 30 դոլարից էլ նվազեց, «թագավորի տղան» ներկայացրեց «Vision-2030» ստրատեգիական ծրագիրը:
Գաղափարը շատ պարզ էր՝ Սաուդյան Արաբիայի տնտեսությունը մինչև 2030 թվականը պետք է կախվածություն չունենար նավթամթերքից:
«Vision-2030»-ի շառավիղը մեծ էր: Հարկավոր էր 6 անգամ մեծացնել ոչ նավթային եկամուտները, 2 անգամ էլ՝ օտարերկրյա ներդրումները: Այս ոչ ստանդարտ ծրագիրն այլ ոլորտներին էլ էր վերաբերում:
Գլխավոր խնդիրներից մեկը Սաուդյան Արաբիան ավելի բաց երկիր դարձնել էր: Տուրիստներն այլևս երկիր մուտք գործելու համար բարդ գործընթացներով չէին անցնում:
Այս ռազմավարության մեջ լուրջ դերակատարություն պետք է ունենար սպորտը: Այն թույլ կտար նոր հարաբերություններ կառուցել աշխարհի հետ, միշտ լինել իրադարձությունների կենտրոնում և բարձրացնել երկրի հեղինակությունը:
Սաուդյան Արաբիայի սուվերեն ֆոնդը (Public Investment Fund), որը կառավարում է երկրի իշխանությունը, գործի անցավ:
Ֆոնդի ակտիվները գերազանցում են 600 միլիարդ դոլարը: PIF-ի առաքելությունը պետության անունից գրագետ ներդրումներ կատարելն է: Ֆոնդը մասնաբաժիններ ունի համաշխարհային գիգանտ կորպորացիաներում՝ «Tesla», «Boeing», «Electronic Arts», «Uber»: Հենց PIF-ը ձեռք բերեց անգլիական «Նյուքասլ» ակումբը», ներդրումներ արեց գոլֆում, ավտոսպորտում, ֆուտբոլում:
Սաուդյան Արաբիան ընդունեց ֆուտբոլի Իտալիայի և Իսպանիայի սուպերգավաթները, Ֆորմուլա-1-ը, երկու անգամ այստեղ հանդիպեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աստղեր ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն ու բրիտանացի Էնթոնի Ջոշուան: Բանը հասավ նրան, որ թագավորությունը հայտնեց Մունդիալ-2030-ն ընդունելու ցանկություն:

Արշավանք դեպի Եվրոպա
Սաուդյան Արաբիայի կառավարությունը հունիսին հայտարարեց, որ սուվերեն ֆոնդը գնել է Պրո լիգայի 18 թիմերից 4-ի 75 տոկոս բաժնետոմսերը: Հենց այս ակումբներն են «բում» անում տրանսֆերային շուկայում:
Ընդ որում, PIF-ը հավասարության սկզբունքով է բաշխում տրանսֆերները, որպեսզի ակումբների միջև մրցակցությունն արդար լինի: Առայժմ Պրո լիգան և ակումբներն ապրում են պետութան հաշվին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են լիգան գերժամանակակից պրոդուկտ դարձնելու և օտարերկրյա ներդրողներին գայթակղելու համար: Կառավարությունը ծրագրել է մինչև տարվա վերջ ավարտել գործընթացը և սկսել ակումբների վաճառքը: Ամեն ինչ արվելու է սահուն և աստիճանաբար: Սկզբում առավելությունը տրվելու է տեղացի ներդրողներին, իսկ հետո խաղի մեջ են մտնելու օտարերկրացիները: Մինչև 2030 թվականն առնվազն 4 ակումբ պետք է ունենա իր սեփականատերը:
Ահա, թե ինչու է Սաուդյան Արաբիան ֆինանսական բլիցկրիգ սկսել Եվրոպայում:
Ինչու սաուդյան մոդելը նման չէ չինականին
Չինական փորձի հետ առաջին համեմատությունը պաշտոնապես կատարեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Սակայն նման համեմատությունն առնվազն կոռեկտ չէ, այն նույնիսկ հուսահատության է նման:
Չինական մոդելը փուչիկ էր, ֆինանսական բուրգի նման մի բան, որը շատ կարճ կյանք ունեցավ: Սաուդյան մոդելն այլ նպատակ ունի:
Չինաստանում պետական ծրագրով ակումբային ֆուտբոլում ներդրումներ անող կազմակերպությունները հարկային արտոնություններ էին ստանում: Խոշոր կորպորացիաներն անմիջապես գործի անցան և միլիարդավոր դոլարներ ծախսեցին՝ Եվրոպայից աստղեր հրավիրելու համար: Բայց չինական կապիտալը լցնում էր եվրոպական ակումբների և գործակալների գանձարանները, իսկ արդյունք չկար: Միայն 3 տարի անց իշխանությունները հասկացան, որ պարտվել են հարևաններին:
Չինական Սուպերլիգան 10 անգամ ավելի էր ծախսում, քան հարավկորեական K լիգան, ճապոնական J լիգային էլ գերազանցում էր 3 անգամ: Հարևան լիգաների մակարդակն ու դիտողականությունն ավելի բարձր էին: Հավաքականի մակարդակի մասին խոսելն էլ ծիծաղելի է:
Ակումբներ ձեռք բերած խոշոր կազմակերպությունների մեծ մասը զբաղվում էին անշարժ գույքի բիզնեսով: Պանդեմիայի պատճառով խորացող ճգնաժամը փչացրեց ամեն ինչ: Անշարժ գույքի շուկան պայթեց, դրա պատճառով որոշ ակումբներ անգամ լուծարվեցին:
Չինացիներն այս պատմության մեջ կարևոր գործիքներ էին աչքաթող արել՝ սոցցանցեր և «YouTube»: Նրանք չկարողացան ճիշտ օգտագործել աստղային ֆուտբոլիստների դերը, դե որովհետև երկրում արգելափակված են սոցցանցերն ու նույն «YouTube»-ը: Ավելի ճիշտ դրանք կան, բայց չինական են և ոչ մի կերպ չեն կարող գայթակղել օտարերկրյա ներդրողներին:
Իսկ Սաուդյան Արաբիան հասկացավ, որ առանց ժամանակակից զենքերի անհնար կլինի ներխուժել «շնաձկների» շուկա:
Սկիզբը դրեց «Ալ Նասրը»: Ակումբի հետևորդների քանակը Կրիշտիանու Ռոնալդուի գալուց հետո «Instagram»-ում 860 հազարից հասավ 17 միլիոնի: Արդյունքում «Ալ Նասրի» նկատմամբ մեծացավ հետաքրքրությունն ու գովազդային պայմանագրերի հոսքը սկսվեց: Հեռուստահեռարձակողներն էլ չէին կարող անտարբեր մնալ, կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ գումարների մասին է խոսքը:

Լիոնել Մեսին սաուդյան շուկան չընտրեց, բայց նրան էլ անմասն չթողեցին: «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը պետության հաշվին հանգիստն անցկացնում է Սաուդյան Արաբիայում, իսկ ընթացքում սոցցանցերում ընտանիքի հետ լուսանկար է տեղադրում: Լեոն մեկ հրապարակման համար վաստակում է 30 միլիոն եվրո, իսկ Սաուդյան թագավորությունն ու Մոհամեդ բին Սալմանը՝ հեղինակություն: Կողմերը գոհ և երջանիկ են:
Եվս մեկ տարբերություն կա չինական և սաուդյան մոդելների միջև՝ Չինաստանում ծրագիրը զուտ մարկետինգային էր, որը չաշխատեց, քանի որ ֆուտբոլն այնտեղ մասսայական չէր: Սաուդյան Արաբիայում հաշվարկել են յուրաքանչյուր դետալ, իսկ ֆուտբոլ այստեղ շատ են սիրում:
«Մեծ ծառը ժամանակին սերմ էր»
Արաբական այս ասացվածքը բնորոշում է այն, ինչ հիմա անում է Սաուդյան Արաբիան: Ծրագիրը սկզբում երազանք էր, որն իրականություն դարձավ կամքի և երկարատև քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Սաուդյան օրինակը վառ ապացույցն է այն բանի, թե ինչպես կարելի է ռեսուրսներն ու մտավոր ներուժը ծառայեցնել հանուն պետության:
Բին Սալմանը հակասական կերպար է: Մի կողմից նա ներկայանում է որպես դաժան քաղաքական գործիչ, որը կարող է լրագրողին ոչնչացնել իրեն քննադատելու համար, մյուս կողմից հայրենասեր և հմուտ դիվանագետ է, որն ամեն ինչ անում է, որպեսզի նոր աշխարհակարգում Սաուդյան Արաբիան ամրագրի իր տեղը:
Ռոնալդուի, Բենզեմայի և մյուս գերաստղերի տրանսֆերները միայն ֆուտբոլի զարգացման համար չեն, դրանք առաջին հերթին նպաստում են տուրիզմի զարգացմանը: Հազարավոր երկրպագուներ ժամանում են Սաուդյան Արաբիա իրենց կուռքերին դաշտում հետևելու համար, հիանում են թագավորության գեղեցկությամբ, կլորիկ գումար են ծախսում, հետո վերադառնում են տուն ու էստաֆետը փոխանցում են ընկերներին և բարեկամներին:
Սպորտը, առավել ևս ֆուտբոլը, վաղուց մեծ քաղաքականության մաս են կազմում: Խաղատախտակին տեղ ունենալու համար հարկավոր է տիրապետել խաղի կանոններին: Սաուդյան Արաբիան նոր խաղացող է շուկայում ու խաղում է վաղուց սահմանված կանոններով, ուղղակի խաղադրույքն է բարձրացրել:



