Logo

Էնդրիկ. Բրազիլական ֆուտբոլի հերթական ադամանդը

Հեղինակ
Արմեն Մանուկյան
15:40 / 04.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ծնողների մասնակցությունը երեխայի կյանքի պլանավորման գործում անկյունաքարային նշանակություն ունի: Խոսքը միայն առարկայական օգնության մասին չէ: Շատ բան է կախված երեխայի հետ զրույցներից և նրան հոգեբանական աջակություն ցույց տալուց: Ցանկացած երեխա ուզում է լինել հարմարավետության գոտում և զգալ, որ յուրաքանչյուր քայլ կատարելիս միայնակ չի լինելու։ Երեխայի դաստիարակության գործընթացում ծնողները, լինելով նրա կողքին, օրինակ են դառնում նաև նրանց համար: Երեխաները կյանքում հաջողում են իրենց կողքին ունենալով ծնողների, որոնք այդ պատասխանատվության դետալները հասկանում են և կարողանում են ճիշտ բացահայտել իրենց երեխայի ներուժը:

Բրազիլացի ֆուտբոլային հրաշամանուկ Էնդրիկ Ֆելիպեի ու նրա հոր Դուգլաս Ռամոսի պատմությունը նշված դետալների կիրառման վառ օրինակն է: Էնդրիկը կարիերայի առաջին քայլերը սկսեց կատարել, երբ ընդամենը 4 տարեկան էր և ապրում էր Տագուատինգեում: Քաղաքը գտնվում է Բրազիլիա մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա: Էնդրիկին առաջին անգամ լրջորեն ուշադրություն դարձրին հարազատ բնակավայրում անցկացվող տաղանդների որոնման մրցաշարի ժամանակ: Սկաուտներն անմիջապես հասկացան, որ տղան յուրահատուկ է և որոշեցին նրան տեղափոխել «Սան Պաուլուի» ֆուտբոլային դպրոց: Այնտեղ Էնդրիկը սկսեց մարզվել իր հասակակից այլ տաղանդների հետ: Ուղիղ 3 տարի նա ստիպված էր հոր հետ հարազատ բնակավայրից ամենօրյա երկար ճանապարհ հաղթահարել «Սան Պաուլուի» ակադեմիա հասնելու համար: Հետո Էնդրիկի հայրը, բրազիլական թիմի ներկայացուցիչներին բացատրելով ֆինանսական վիճակն ու ունեցած ճանապարհային դժվարությունները, խնդրեց իրեն ակումբում աշխատանքի վերցնել և կացության վայր տրամադրել, որ ստիպված չլինի ամեն օր նույն ճանապարհն անցնել: Դուգլաս Ռամոսին մերժեցին: Նա ստիպված էր բռնել երեխայի ձեռքն ու հեռանալ «Սան Պաուլուի» ակադեմիայից:

Ռամոսի պայքարը որդու ապագայի կառուցման գործում այդքանով չէր կարող ավարտվել: Էնդրիկի խաղերից տարբեր տեսահատվածներ առանձնացնելով՝ նա դիմեց «Պալմեյրասի» ակադեմիա: Շատ ժամանակ չանցած «Պալմեյրասից» դրական պատասխան եղավ: Դուգլասին «Պալմեյրասի» մարզումային կենտրոնում աշխատանք առաջարկեցին, իսկ տղային ակադեմիայում մարզվելու հնարավորություն տրվեց: 11 տարեկան Էնդրիկը «Պալմեյրասի» համակարգի ամենահեռանակարային աստղը դարձավ, իսկ նրա հոր պատմությունն օրինակ է միլիոնավոր ծնողների համար: Մինչև «Պալմեյրասի» հիմնական թիմ հասնելը տարբեր տարիքային մրցաշարերում Էնդրիկը ակումբի տարբեր թիմերում 160-ից ավելի խաղի մասնակցեց ու 150-ից ավելի գոլի հեղինակ դարձավ: 2022 թվականին հոկտեմբերին վունդերկինդը 16 տարեկանում նորամուտը նշեց բրազիլական Ա սերիայում: Անցավ ընդամենը 3 խաղ ու նա լատինաամերիկյան ամենաուժեղ լիգայում ասիստի հեղինակ էր: 4-րդ անգամ հագնելով «Պալմեյրասի» շապիկը և խաղալով 45 րոպե՝ դուբլ ձևակերպեց: Բրազիլիայի նախորդ առաջնությունում Էնդրիկը «Պալմեյրասի» չեմպիոնության գլխավոր կերտողներից մեկն էր:

2022 թվականին Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց, որ բրազիլացի ֆուտբոլիստի հետ հասել է համաձայնության և չափահաս դառնալուց հետո նա համալրելու է «Սերուցքայինների» շարքերը: 2023-ի նոյեմբերին Էնդրիկն առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի Կոլումբիայի ու Արգենտինայի հավաքականների հետ խաղերին: Նա դարձավ 1993 թվականից հետո հավաքականում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ անցնելով Ռոնալդոյին: Բրազիլիայում նրան համեմատում են Պելեի ու հենց Ռոնալդոյի հետ:

Ձախլիկ Էնդրիկն առանձնանում է հարձակման ժամանակ մեծ ինքնավստահությամբ, բայց նա պարզապես գոլահար չէ, որը հանգիստ ու վստահ կարողանում է եզրափակել գրոհները: Նա նաև կարևոր նշանակություն ունի մրցակցի տուգանային հարապարակի մատույցներում թիմի գրոհների կայակցման գործում: Բրազիլացին հաջողությամբ կարող է խաղալ մի քանի դիրքում, բայց կարիերայի ընթացքում ավելի կայուն արդյունքների համար շատ մարզիչներ պնդում են, որ ցանկալի կլինի նրա համար գտնել իդեալական մեկ դիրք, որտեղ հնարավոր կլինի տեսնել նրա ամբողջ ներուժը:

«Պալմեյրասի» համար Էնդրիկի բազմակողմանիությունը միայն դրական ազդեցություն ունի: Աբել Ֆերեյրան 3 հարձակվողով խաղի ժամանակ նրան հաճախակի օգտագործում է հարձակման երկու եզրերում, բայց երբեմն կենտրոնական հարձակվող Բրենո Լոպեսի բացակայության դեպքում տեղափոխում է կենտրոն: Շատ հաճախ բրազիլական թիմը անցնում է 3-5-2 սխեմային, որտեղ Էնդրիկը երկու հարձակվողներից մեկն է դառնում, բայց անգամ այդ տարբերակում նրան հնարավոր է տեսնել կիսապաշտպանության կենտրոնում: Ֆերեյրան 4-2-3-1 դասավորության կիրառման ժամանակ Էնդրիկին տեղ է հատկացնում և փլեյմեյքերի դիրքում: Նույն սխեման կիրառելիս մարզիչը նրան երբեմն տեղափոխում է ենթահարձակվողի գոտի, երբեմն էլ դարձնում է կեղծ 9 համար: Փլեյմեյքերի դիրքում Ֆերեյրան Էնդրկին կատարյալ ազատություն է տալիս: Ավելի մեծ ազատությամբ խաղալիս Էնդրիկը կիսապաշտպանության ու հարձակման արանքում կամուրջ է դառնում ու ավելի օգտակար է խաղում, քան հարձակման եզրից գրոհելիս:

Փլեյմեյքերի դիրքում նա նաև կարողանում է մեկը-մեկի պայքարում մեծ առավելություն ստանալ՝ շնորհիվ շատ ուժեղ դրիբլինգի: Էնդրիկին կասեցնելու համար մեկ պաշտպանով խաղալը շատ վտանգավոր է: Երբեմն խիտ պաշտպանության բախվելիս բրազիլացին հեռու տարածությունից հարվածների է դիմում և այդ տեսանկյունից ևս մեծ վտանգ է պարունակում նրա խաղը: Նրա մյուս կարևոր խաղային գիծը գլուխը բարձր պահելով ֆուտբոլ խաղալն է: Էնդրիկն այնպիսի տեխնիկա ունի, որ գրեթե գնդակին չի նայում, ամեն ինչ անում է զգալով: Բրազիլացին գրոհելիս անընդհատ փնտրում է խաղընկերներին և լայվ ռեժիմում կարողանում է գրոհի եզրափակման տարբերակը գտնել: Էնդրիկը գնդակի վարման ժամանակ սիրում է այն մոտ պահել ձախ ոտքին: Խաղային այդ ոճով նա ստիպում է մրցակցի պաշտպանին քայլ առաջ կատարել գնդակի ագրեսիվ խլման համար ու նետելով գնդակը՝ արագությամբ շրջանցում է նրանց: Աբել Ֆերեյրան նրան հաճախակի հրահանգ է տալիս նահանջել պաշտպանություն և ստանալով գնդակը՝ դրիբլինգի ու արագության միջոցով ապահովել թիմի անցումը պաշտպանությունից հարձակում: Նա ճարպկությամբ ու շարժման ժամանակ ծանրության կենտրոնը փոխելու ունակությամբ ավելի վտանգավոր ֆուտբոլիստ է դառնում: Չնայած Էնդրիկի ֆիզիկական էվոլյուցիան չի ավարտվել ու նա բավականին ցածրահասակ է, դա նրա համար խոչընդոտ չէ գլխով խաղի համար: Նա չի վախենում երկրորդ հարկում պայքարից ու բարձր ցատկի կարողությամբ է օժտված: «Պալմեյրասի» մարզիչը Պաուլիստայի գավաթում էնդրիկին օգտագործեց նաև պաշտպանության աջ եզրում:

Էնդրիկը դեռ շատ խաղային բաղադրիչներ պետք է բարելավի: Ֆուտբոլային տեսանկյունից բրազիլացին դեռ չմշակված ադամանդ է, թեև նրա հմտությունները գրավում են ամբողջ ֆուտբոլային աշխարհը: Էնդրիկի բացասական կողմերից մեկը բրազիլական սինդրոմն է: Երբեմն տարվում է անհատական խաղով ու գնդակ է կորցնում: Նա նաև շատ բան ունի սովորելու խաղային սխեմաների կիրառման ադապտացիոն փուլում: Էնդրիկի վրա Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը մեծ ազդեցություն է գործում: Բայց բրազիլացին հստակ հասկանում է, որ «Արքայական ակումբ» տեղափոխությունից հետո նրա ուսերին եղած բեռի ծավալն ավելի է մեծանալու ու նրանից սպասելիքներն առնվազն կրկնապտակվելու են: Էնդրիկն ունի ավելի քան բավարար պոտենցյալ Եվրոպայում իրեն լավագույնս դրսևորելու ու, ինչու ոչ, նաև բրազիլացիների թողած ֆուտբոլային հետքին իր դետալներն ավելացնելու համար:

2022 թվականին Մադրիդի «Ռեալը», 70 միլիոն եվրո վճարելով «Պալմեյրասին», կազմակերպեց բրազիլական ֆուտբոլի «ադամանդի» տրանսֆերը Մադրիդ: 2024-ի հունիսին Էնդիկը կդառնա չափահաս և նոր մրցաշրջանը կանցկացնի Կառլո Անչելոտիի թիմի կազմում: 2024 թվականի մարտի 23-ին «Ուեմբլիում» կայացած Անգլիա - Բրազիլիա ընկերական խաղում Էնդրիկը, դուրս գալով փոխարինման, խփեց թիմի միակ ու հաղթական գոլը: Խաղավերջում նա կարող էր անգամ դուբլի հեղինակ դառնալ: Անգլիայի հավաքականի դարպասը խփած գոլով հարձակվողը դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: Ընդամենը 3 օր հետո նա առաջին անգամ խաղաց մի ստադիոնում, որը նրա համար տուն է դառնալու: «Սանտիագո Բեռնաբեուում» Էնդրիկիը գրավեց Իսպանիայի հավաքականի դարպասը, որից հետո էմոցիաները զսպել չկարողացավ:

Էնդրիկի ճանապարհը դեռ նոր է սկսվում, բայց այդ ուղու մեկնարկում բրազիլացին այնպիսի մեծ հեռանկար է բացել իր համար, որ շատ ֆուտբոլիստներ անգամ կարիերայի մայրամուտին կերազեին դրա կեսն ունենալու մասին։

Նա բրազիլացի է, նրա արյան մեջ ֆուտբոլ կա և գուցե հենց նա է այն միակը, ում իսկապես վիճակված է անցնել Պելեին ու Ռոնալդոյին, ու նրանց հետ համեմատություններում չլինել հերթական ձախողակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ