Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսն անդրադարձել է սկանդալային տեսանյութին, որտեղ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս Ֆրանսիայի հավաքականի հասցեին։
«Անկեղծորեն ներողություն եմ խնդրում վիրավորական արտահայտությունների համար: Դա արարք է, որն ընդհանրապես արդարացում չունի: Այդ խոսքերն ասել եմ Կոպա Ամերիկան հաղթելուց հետո առաջացած էյֆորիայի ֆոնին, բայց ես դեմ եմ ռասիզմին: Այդ տեսանյութը, այդ պահն ու այդ խոսքերը չեն արտացոլում իմ համոզմունքներն ու իմ բնավորությունը: Ես, իսկապես, ցավում եմ»,- սոցցանցերում գրել է Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում հաղթելուց հետո Էնցո Ֆեռնանդեսն իր ինստագրամյան էջի ուղիղ հեռարձակման ընթացքում երգել էր Ֆրանսիայի հավաքականի մասին՝ ասելով, որ ազգային թիմի բոլոր ֆուտբոլիստները ծնվել են Աֆրիկայում:
Տեսանյութի տարածումից հետո «Չելսիի» ֆրանսիացի ֆուտբոլիստներ Աքսել Դիսասին, Մալո Գյուստոն ու Ուեսլի Ֆոֆանան ինստագրամում դադարել են հետևել Էնցո Ֆեռնանդեսին: Ուեսլի Ֆոֆանան նույնիսկ անդրադարձել է իր թիմակցի թույլ տված արտահայտությանը՝ այն որակելով ռասիստական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին:


