Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, դարպասն անառիկ պահելով Պարագվայի դեմ աշխարհի առաջնության որակավորման փուլի երրորդ տուրի խաղում (1-0), սահմանել է ռեկորդը, հայտնում է Opta-ն։
Անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահն 621 րոպե շարունակ Արգենտինայի հավաքականում գոլ բաց չի թողել։ Նախորդ անգամ դարպասապահը ազգային թիմի կազմում գոլ է բաց թողել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում։
Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Արգենտինայի հավաքականը հաղթել է 7 անընդմեջ խաղում։ Այդ խաղերում Լիոնել Սկալոնիի թիմը խփել է 18 գոլ ու սեփական դարպասը պահել անառիկ։ Աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինան 3 տուրից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։