Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի գնացել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կազմակերպած հրաժեշտի ընթրիքին, հայտնում է Le Parisien-ը:
Միջոցառմանը ներկա է եղել 250 մարդ, հրավիրվածների թվում է եղել նաև փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին, որը կոնֆլիկտ ունի 25-ամյա ռմբարկուի հետ: Ընթրիքը կայացել է Փարիզի կենտրոնում տեղակայված իտալական ռեստորաններից մեկում: Երեկոյին մասնակցել են ՊՍԺ-ի գործող և նախկին ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ՊՍԺ-ից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նա նաև 100 միլիոն եվրո բոնուս կստանա Իսպանիայի նորընծա չեմպիոնից։
Մբապեն փարիզյան գրանդում էր խաղում 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։


