Logo

Էլմիրա Կարապետյանն ու Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում հյուրընկալվել են «Հայաստանի տանը»

19:47 / 01.08.2024Այլ մարզաձևեր
null

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել մարզասերների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Կարեն Գիլոյանը ողջունել է ներկաներին և կարևորել այս նախաձեռնության գործունեությունը՝ երկրպագու-մարզիկ կապերի ստեղծման և ամրապնդման համատեքստում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:

Վարսենիկ Մանուչարյանը նշել է, որ հաճելի հիշողություններով է վերադառնալու Օլիմպիական խաղերից:

 «Հանդիսականների ներկայությունը շատ ոգևորիչ էր. երբ պատրաստվում էինք լողալու, լսում էինք նրանց վանկարկումները: Շատ տպավորիչ էր, անկեղծ՝ փշաքաղվել էի: Իմ մրցելույթից էլ եմ գոհ. արեցի այն, ինչ կարող էի»,* նշել է 21-ամյա մարզուհին:

Էլմիրա Կարապետյանի համար ամենատպավորիչն օլիմպիական ջահի փոխանցումավազքն է եղել:

«Ֆանտաստիկ փորձ էր: Այն, որ պետք է լինեմ ՕԽ ջահակիր, անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ արվեց, որպեսզի մրցումներից առաջ լավ էմոցիաներ ունենամ ու ինձ հարմարավետ զգամ, ինչի համար շնորհակալ եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը: Բառերով կդժվարանամ նկարագրել ջահը տանելու պահը. ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանի որ բացի այն, որ քո պետությունն ես ներկայացնում, դու նաև մի փոքր մասն ես մի ամբողջ Օլիմպիական խաղերի: Շատ հետաքրքիր էր: Հրաձգության մրցումներն այլ քաղաքում էին կազմակերպված՝ բավական հեռու: Ինչ վերաբերում է իմ մրցումներին, ապա չեմ կարծում, թե որևէ բան ինձ խանգարել է: Աշխարհի մակարդակով ցածր արդյունք ցույց չեմ տվել: Հրաձգությունը շատ անկանխատեսելի մարզաձև է»,- նշել է 30-ամյա մարզուհին:

Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն օլիմպիական ջահի փոխանցումավազքին պատահական չէր: Նա հիշեցրել է՝ Հայաստանը 2027 թվականին ընդունելու Է Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը:

«Օլիմպիական ջահակիր լինելու պատիվն Էլմիրային վստահված էր՝ որպես Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Այս անգամ միջոցառումը շատ մեծ հանդիսավորությամբ անցկացվեց: Շատ հուզիչ էր. բոլորս հպարտության և վայելքի մեծ պահեր ապրեցինք: Էլմիրային էլ շատ մեծ ջերմությամբ ընդունեցին»,- ասել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը:

Տոլմաջյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներին մասնակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրանց:

Հիշեցնենք, որ  Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր բատերֆլայում դուրս չէր եկել եզրափակիչ, իսկ Էլմիրա Կարապետյանը եզրափակիչ դուրս չէր եկել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում:

Ֆոտո՝ ԿԳՄՍ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ