Logo

Էլինա Ավանեսյան․ «Այդ մրցախաղը շատ բան փոխեց կարիերայումս»

Հեղինակ
Հարություն Հակոբյան
22:52 / 31.12.2024Թենիս
Բացառիկ
null

Աշխարհի 43-րդ ռակետ, Հայաստանը ներկայացնող 22-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Fast Sports հեռուստաալիքի հետ բացառիկ հարցազրույցում ամփոփել է 2024 թվականն ու խոսել տարբեր թեմաների շուրջ։

- Էլինա՛, օգոստոսից ներկայացնում եք Հայաստանը: Ինչպե՞ս որոշեցիք ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո:

- Ծնողներս Արցախից են: Ցանկացել էի վերադառնալ արմատներիս և վերջապես ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում: «Կերոն» հիմնադրամի հետ նպատակ ունենք զարգացնելու թենիսը Հայաստանում և պատվով ներկայացնելու հայկական թենիսը միջազգային հարթակում:

- Որպես Հայաստանի ներկայացուցիչ՝ Ձեր առաջին խաղը Ցինցինատիի մրցաշարի որակավորման փուլում էր: Մրցակիցն ամերիկուհի Լորան Դևիսն էր, որին հաղթեցիք. կա՞ր լարվածություն, քանի որ դա ձեր առաջին հանդիպումն էր որպես Հայաստանի ներկայացուցիչ:

- Անկեղծ՝ շատ լարված էի: Իհարկե, ցանկանում էի ցուցադրել լավագույն խաղս: Ինձ համար մեծ պատիվ էր առաջին անգամ ներկայացնել Հայաստանը: Չէի ցանկանում հուսախաբ անել հայերին:

- Էլինա՛, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց թենիսով: Ո՞վ է Ձեզ ոգեշնչել:

- Երբ 6 տարեկան էի, եղբայրս թենիս էր խաղում, ես էլ նրա հետ գնում էի մարզումների: Մի օր մայրս հարցրեց՝ ցանկանո՞ւմ եմ ես էլ փորձել: Հենց այդպես էլ սկսվեց ամեն ինչ:

- Կարիերայի ընթացքում բազմաթիվ խաղեր եք անցկացրել: Ո՞ր հանդիպումն է ամենահիշարժանը:

- Ամենաբեկումնային և կարևոր խաղերից մեկը նախորդ տարվա Ռոլան Գարոսում էր: Մրցում էի Բելինդա Բենչիչի հետ: Այդ պահին նա աշխարհի 12-րդ ռակետն էր: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց լավ խաղացի և հաղթեցի: Այդ դիմակայությունը շատ բան փոխեց կարիերայումս և մեծացրեց ինքնավստահությունս:

- Ո՞ր թենիսիստի առաջընթացն ամենաշատը տպավորեց Ձեզ այս տարի:

- Այս տարի Միրա Անդրեևան տպավորեց: Շատ հեռանկարային թենիսիստուհի է: Չնայած երիտասարդ է՝ շատ բան ունեմ նրանից սովորելու: Կնշեմ նաև Կոկո Գաուֆին:

- Եթե չեմ սխալվում, հենց Անդրեևայի դեմ էիք խաղում «Յասի օփենի»  եզրափակիչում: Դա Ձեր առաջին եզրափակիչն էր: Ի՞նչ տպավորություններ ունեիք:

- Երջանիկ էի հայտնվել եզրափակիչում, բայց ֆիզիկական խնդիրներ ունեի և չկարողացա շարունակել հանդիպումը: Դա կարիերայիս առաջին, բայց ոչ վերջին եզրափակիչն էր: Դեռ շատ հնարավորություններ կունենամ:

- Այս մրցաշրջանում գրանցել եք 29 հաղթանակ և 24 պարտություն: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ելույթները:

- Կարիերայիս լավագույն մրցաշրջաններից էր: Կարող եմ հպարտանալ արդյունքներով և շարունակել աշխատել, որպեսզի ավելի մեծ հաջողության հասնեմ հաջորդ տարի:

- Որո՞նք են լինելու 2025-ի առաջին մրցաշարերը Ձեզ համար:

- Բրիսբենի մրցաշարից հետո կխաղամ նաև Հոբարթում․ դա կլինի տարվա գլխավոր մրցաշարից՝ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ:

- Տարին ավարտեցիք WTA դասակարգման աղյուսակի 43-րդ տեղում: Ձեր կարծիքով՝ ո՞ր տեղում կլինեք հաջորդ տարվա վերջում:

- Անկեղծ՝ փորձում եմ չմտածել դրա մասին: Եթե մտածեմ, շատ բարդ կլինի կենտրոնանալ այլ ուղղություններով: Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի բարելավեմ դիրքս:

- Ո՞րն է Ձեր գլխավոր նպատակը առաջիկա տարում:

- Վերջերս սկսել եմ աշխատել նոր մարզչի հետ: Ունեմ նոր թիմ: Փորձում ենք մարտավարական և տեխնիկական ուղղումներ կատարել: Վարկանիշի տեսանկյունից նպատակներ չեմ սահմանում, պարզապես կփորձեմ բարելավել ֆիզիկական և տեխնիկական ունակություններս:

- Էլինա՛, Ձեզ աջակցում է ամբողջ երկիրը, ունեք մեծաթիվ երկրապագուներ: Ի՞նչ կմաղթեք նրանց:

- Գնացե՛ք ձեր երազանքների հետևից և երբեք մի՛ հանձնվեք:

- Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Հաջողություն Ձեզ 2025-ին:

- Շնորհակալ եմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա