Եվրոպա լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս ոչ-ոքի գրանցեց Գլազգոյի «Ռեյնջերսի» հետ խաղում` 1-1։
Հյուրերը պարտությունից խուսափեցին 75-րդ րոպեին շվեդ վինգեր Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ։
Երկու ակումբներն էլ ունեն 11-ական միավոր. «Ռեյնջերսը» 8-րդն է, «Տոտենհեմը»` 9-րդը։
Ֆրանսիական «Լիոնը» սեփական դաշտում 3-2 հաշվով պարտության մատնեց «Այնտրախտին» և 13 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմը նույնքան միավորով 5-րդն է։
«Լացիոն» Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» ստադիոնում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Այաքսի» նկատմամբ։ «Բիանկոչելեստեի» կազմում գոլի ու ասիստի հեղինակ դարձավ կատալոնական «Բարսելոնայի», Լոնդոնի «Չելսիի» ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Պեդրոն։
Մարկո Բարոնիի գլխավորած թիմը 16 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Այաքսը» 11-րդն է և ունի 10 միավոր։
Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը տնային խաղում 3-0 հաշվով առավելության հասավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ։ Բասկյան ակումբից դուբլ գրանցեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալը։
Տանտերերից հերթական հանդիպումը բաց թողեց հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օգոստոսից ապաքինվում է վնասվածքից։
«Ռեալ Սոսիեդադը» 10 միավորով 12-րդ տեղում է, «Դինամոն» պարտվել է բոլոր խաղերում և վերջինն է` 36-րդը։
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր
«Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 1-1 (տեսանյութ)
Համզա Իգաման, 47 - Դեյան Կուլուսևսկի, 75
«Լիոն» (Ֆրանսիա) - «Այնտրախտ» (Գերմանիա)` 3-2 (տեսանյութ)
Ռայան Շերկի, 27, Մալիկ Ֆոֆանա, 50, Էռնեստ Նուամա, 54 - Ազգնար Կնաուֆ, 18, Օմար Մարմուշ, 85
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Լացիո» (Իտալիա)` 1-3 (տեսանյութ)
Բերտրան Տրաորե, 47 - Լում Չաունա, 12, Ֆիսայո Դելե-Բաշիրու, 52, Պեդրո, 77
«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Դինամո Կիև» (Ուկրաինա)` 3-0
Միկել Օյարսաբալ, 19, 33, Շերալդո Բեկեր, 24
Չիրացրած 11-մետրանոց` Միկել Օյարսաբալ, 19 («Ռեալ Սոսիեդադ»)