Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ալիքը քննադատության է ենթարկել Խեսուս Խիլ Մանսանոյին կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի մրցավար նշանակելու որոշումը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Համաշխարհային սկանդալ» ձևակերպումն են հնչեցրել RMTV-ի եթերում:
Real Madrid TV-ն հիշեցրել է, որ Մանսանոն է սպասարկել նախորդ մրցաշրջանում անցկացված «Վալենսիա» - «Ռեալ» խաղը, որի վերջին վայրկյաններին մադրիդցիների անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլը չեղարկել է` անմիջապես ազդարարելով հանդիպման ավարտը: Հետո էլ կարմիր քարտ է ցույց տվել Բելինգեմին:
Մանսանոյի սպասարկած խաղերից է եղել նաև 2020/2021 մրցաշրջանի «Վալենսիա» - «Ռեալը»: Այդ հանդիպմանն էլ մրցավարը մադրիդցիների դարպասին երեք 11-մետրանոց էր նշանակել:
Իսպանիայի չեմպիոն «Ռեալը» փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ Սուպերգավաթը կվիճարկի Սաուդյան Արաբիայում, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: