Եվրոպա լիգայի հիմնական փուլում մեկնարկեց երկրորդ տուրը։ Իտալական «Լացիոն» ընդունեց ֆրանսիական «Նիսին» և հաղթեց խոշոր` 4-1 հաշվով։
Հռոմեական ակումբից դուբլ գրանցեց արգենտինացի հարձակվող Վալենտին Կաստելյանոսը։ «Բիանկոչելստեն» երկրորդ հաղթանակը տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նիսն» ունի 1 միավոր և 26-րդն է։
Իսպանական Լա լիգայում հանդես եկող Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսիեդադը» սեփական դաշտում 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց բելգիական «Անդերլեխտից»։ Բասկյան ակումբից հանդիպումը կրկին բաց թողեց Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն ապաքինվում է վնասվածքից։
«Անդերլեխտը» 6 միավորով երրորդ տեղում է, «Սոսիեդադը» 1 միավորով 24-րդն է։
Լոնդոնի «Տոտենհեմը» մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ և հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ։ Անգե Պոստեկոգլուի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին սենեգալցի կիսապաշտպան Պապե Մատար Սարն ու անգլիացի վինգեր Բերնան Ջոնսոնը։
«Տոտենհեմը» Եվրոպա լիգայի հիմնական փուլում միավորների քանակը հասցրեց 6-ի և երկրորդ տեղում է։ «Ֆերենցվարոշը» միավոր չունի ու 30-րդն է։
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը պարտությամբ մեկնարկեց իսպանական «Բետիսը» և արտագնա խաղում 0-1 հաշվով զիջեց Վարշավայի «Լեգիային»։
Հիշեցնենք, որ նշանակությամբ երրորդ եվրագավաթային մրցաշարի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» 2-0 հաշվով հաղթանակի է հասել չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, երկրորդ տուր
«Լացիո» (Իտալիա) - «Նիս» (Ֆրանսիա)` 4-1 (տեսանյութ)
Պեդրո, 20, Վալենտին Կաստելյանոս, 35, 53, Մատիա Ձականի, 67 (11մ) - Ժերեմի Բոգա, 41
«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)` 1-2 (տեսանյութ)
Պաբլո Մարին, 5 - Լուիս Վասկես, 28, Տեո Լեոնի, 39
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 1-2 (տեսանյութ)
Բարնաբաշ Վարգա, 90 - Պապե Մատար Սար, 23, Բրենան Ջոնսոն, 86
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Լեգիա» (Լեհաստան) - «Բետիս» (Իսպանիա)` 1-0 (տեսանյութ)
Սթիվ Կապուադի, 23