Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Vivaro Media հեռուստաընկերության Match of the Week հաղորդման եթերում մեկնաբանել է լիտվական «Ժալգիրիսի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հաղթական խաղը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում երևանյան ակումբը հաղթել էր 2-0 հաշվով՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում:
- Պարոն Մելիքյան, շնորհավորում ենք հաղթանակի առթիվ: Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները խաղից:
Շնորհավորում եմ բոլորին, այս հաղթանակը միայն «Փյունիկինը» չէ, այս հաղթանակը հայկական ֆուտբոլինն է: Մեր երկրպագուները շատ կազմակերպված էին, զգում էինք, որ հոգով մեզ հետ են, ու նրանց աջակցության շնորհիվ հասանք հաջողության: Տակտիկապես վերլուծել էինք մրցակցին, ու այդ աշխատանքը ցույց տվեցինք խաղադաշտում: Կարողացանք չեզոքացնել «Ժալգիրիսի» ուժեղ կողմերն ու օգտագործել թույլերը: Ֆիզիկապես, հոգեպես, տակտիկապես ու անհատապես գերազանցելով մրցակցին՝ արժանի հաղթանակ տարանք, սակայն այս թիմը հեշտ մրցակից չէ, և արտագնա խաղում բարդ է լինելու:
- Կար տպավորություն, որ «Փյունիկն» առաջին կեսում գրոհում էր կենտրոնով՝ օգտագործելով Ժունինյոյին ու Գոնսալեսին: Սա Ձեր մտահղացո՞ւմն էր:
- Այո, մենք տալիս ենք հետաքրքիր տակտիկական լուծումներ, ու երկրպագուները վայելում են դրանք: Ֆուտբոլը պետք է վերածել շախմատի: Ինձ ուրախացնում է այն, որ հաղթեցինք դիտարժան խաղով:
- «Սլովանի» դեմ խաղից հետո ասացիք, որ սեպտեմբերից հետո կասեք՝ արդյո՞ք թիմը պատրաստ է երկու ճակատով խաղալուն:
- Չեմ կարող ասել, թե լիովին պատրաստ ենք երկու ճակատով պայքարելուն: Երկրորդ կազմը, որը հիմնականում խաղում է Հայաստանի առաջնությունում, դեռ խաղակցվածության խնդիր ունի, և մեզ ժամանակ է պետք: Կարծում եմ՝ հոտկեմբերին դժվարություններ կունենանք:
- Գո՞հ եք երկրպագուների ճնշումից:
Այո՛, իհարկե: Շատ շնորհակալ եմ նրանց: Մեր երկրում հեշտ չէ ֆուտբոլի մասին մտածելը, դժվարություններ ունենք... Սկզբում էլ նշեցի, որ երկրպագուների աջակցության շնորհիվ կարողացանք հաղթանակ տոնել:
Հիշեցնենք, որ 3 խաղից հետո «Փյունիկն» ունի 6 միավոր և հավասարվեց H խմբի առաջատար շվեյցարական «Բազելին», որն այս տուրում ընդունել է Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանին»: «Ժալգիրիսը» և «Սլովանն» ունեն 1-ական միավոր:
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ տուրում Հայաստանի 15-ակի չեմպիոնը տանը 2-0 հաշվով հաղթել էր «Սլովանին»: Չորրորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կրկին կմրցի «Ժալգիրիսի» հետ:
Օտուբանջո. «Այս մրցաշարում յուրաքանչյուր թիմ լավ մրցակից է» (տեսանյութ)