Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և թիմի ավագ Էդգար Մալաքյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մասին։
«Փյունիկ» - «Բուդյո Գլիմտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Խաղի մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ առաջին խաղում երևանյան ակումբը 0-3 հաշվով արտագնա պարտություն է կրել։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու փուլերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։
«Փյունիկը» եվրագավաթներում Հայաստանի վերջին ներկայացուցիչն է այս մրցաշրջանում։ Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը» ելույթներն ավարտել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից հետո։
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկի» նախախաղային մարզումը՝ VNews-ի ֆոտոշարքում


