Logo

Եղիշե Մելիքյան. «Ես ու թիմս ոչնչից չենք վախենում» (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:35 / 02.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելգրադում կայացած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին ու խոսել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպման մասին:

-16 տարի առաջ Հայաստանի հավաքականի կազմում այս մարզադաշտում խաղացել եք Սերբիայի հավաքականի դեմ, որտեղ ելույթ էր ունենում «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը: Ի՞նչ հիշողություններ ունեք ու կցանկանայի՞ք վրեժխնդիր լինել այդ խաղում կրած պարտության համար (2006թ., Եվրոպայի առաջնության որակավորման փուլի 1-ին տուր, Սերբիա - Հայաստան՝ 3-0, խմբ.):

-Մեզ հաղթանակ է պետք և լրացուցիչ մոտիվացիայի կարիք չունենք, քանի որ մեծ պատասխանատվություն ենք զգում: Մեր մրցակիցը ֆավորիտ է, սակայն ֆուտբոլում հաճախ է լինում, երբ համեմատաբար թույլ թիմը հաղթում է ուժեղին: Մտադիր ենք խաղադաշտ դուրս գալ այդ սկզբունքով:

-Ընթացիկ մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» տպավորիչ շարք է սկսել և քիչ գոլ է բաց թողնում (Սերբիայի առաջնության 4 խաղում «Փյունիկի» մրցակիցը խփել է 17, բաց թողել 1 գոլ-խմբ.): Գտե՞լ եք մրցակցի թույլ կողմերը:

-Ամենաուժեղ թիմն էլ ունի թույլ կողմեր: Այո՛, գտել ենք, վերլուծել ենք մրցակցի խաղը: Բարդ սխեմայով են խաղում, սակայն գիտենք, թե ինչպես պետք է գործենք նրանց դեմ:

-Նախախաղային ասուլիսի ժամանակ Ստանկովիչը նշեց, որ «Փյունիկը» լավ թիմ է, շատ է անակնկալներ մատուցում մարտավարական տեսանկյունից:

-Մեծ հարգանքով ենք վերաբերվում մրցակցին և շնորհակալ եմ, որ նրանց մարզիչը նույն կերպ է վերաբերվում մեզ՝ հասկանալով, որ կարող ենք անակնկալ մատուցել: «Ցրվենա Զվեզդան» ունի որակյալ խաղացողներ, որոնց համագործակցությունը շատ բարձր մակարդակի է:

-«Կլուժի» դեմ խաղում մի քանի անգամ փոխեցիք մարտավարությունը, «Դյուդելանժի» դեմ խաղից առաջ ասացիք, որ 3 խաղային ծրագիր ունեք, չե՞ք վախենում, որ այս անգամ Ձեր խաղային ծրագիրը չի աշխատի:

-Ես ու թիմս ոչնչից չենք վախենում, ու կարող եմ ասել, որ ֆուտբոլում, սպորտում վախը շատ լուրջ խանգարող հանգամանք է: «Փյունիկը» ճիշտ է արձագանքում թե՛ հաղթանակին, թե՛ պարտությանը: Մրցակիցն ուժեղ է, սակայն վաղը կփորձենք ցույց տալ մեր ուժերի առավելագույնը:

-«Արարատին» պարտվելուց հետո կարողացա՞ք կարգավորել հանդերձարանի մթնոլորտը:

-Վաղն ավելի լավ կերևա, սակայն կարծում եմ՝ ինձ հաջողվել է վերացնել այդ պարտության ազդեցությունը:

-Ինչպես կամեմատեք «Կլուժին» և «Ցրվենա Զվեզդային»: 

-2 թիմերի խաղն էլ վերլուծելով՝ հասկացել ենք, որ «Ցրվենա Զվեզդան» խաղում է ավելի բարդ սխեմայով, որը մեզ համար դժվարություններ կստեղծի:  

-Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ընթացքում Ձեզ դրսևորեցիք որպես ճկուն մարզիչ՝ թե՛ խաղային, թե՛ ոչ խաղային տեսանկյունից: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր մարզչական աճը:

-Մեր գոլերի զգալի մասը խփել ենք տակտիկական գործողությունների արդյունքում: Զգում եմ՝ ֆուտբոլիստներս մեծ աճ են գրանցել, ուրախ եմ, որ աշխատանքս ստացվում է: Շարունակելու ենք սովորել ու զարգանալ, որովհետև ֆուտբոլն անընդհատ առաջ է շարժվում: 

-Ի՞նչ կասեք հայ երկրպագուին, որը վաղը, անկասկած, երկրպագելու է «Փյունիկին»:

-Չենք ցանկանա հիասթափեցնել մեր երկրպագուներին, ամեն ինչ անելու ենք նրանց կրկին ուրախացնելու համար:

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Բելգրադի «Ռայկո Միտիչ» ստադիոնում:

Պատասխան խաղը նախատեսված է օգոստոսի 9-ին (մեկնարկը՝ 21:00-ին) Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ