Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղյա ասուլիսում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում շվեդական «Կալմարի» նկատմամբ արտագնա հաղթանակի մասին:
«Շնորհակալ եմ տղաներին հաղթանակի համար: Սա պատահական հաղթանակ չէր, քանի որ լրջորեն պատրաստվել էինք խաղին:
Հանդիպումից առաջ շատ լավ գիտեինք, թե ինչ է խաղ է ցուցադրելու մրցակիցը, ու թե մենք ինչպես ենք խաղալու: Մեր ծրագիրը ստացվեց, իսկ մրցակցինը՝ ձախողվեց: Մրցակիցը չկարողացավ մեզ անակնկալ մատուցել, լավ էինք ուսումնասիրել նրանց խաղը:
Այնուամենայնիվ, դեռ պատասխան հանդիպում կա Հայաստանում, պետք է լավ պատրաստվել»,- նշել է Եղիշե Մելիքյանը:
Շվեդիայում կայացած խաղում երևանյան ակումբը 2-1 հաշվով կամային հաղթանակի էր հասել: Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 3-ին Աբովյանի քաղաքային ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Կալմարի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը որակավորման երրորդ փուլում կմրցի «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ:
Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0):
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


