Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երևանյան ակումբի հետ նոր պայմանագրի կնքելուց հետո կիսվել է տպավորություններով։
«Հարգելի երկրպագուներ, շատ ուրախ եմ, որ ես, իմ մարզչական շտաբը ակումբի նախագահի հետ քննարկելուց հետո որոշեցի շարունակել մեր աշխատանքը «Փյունիկում»: Վստահ եմ, որ մեր երկրպագուների հետ, մեր միասնականությամբ շարժվենք դեպի հաղթանակներ բոլոր նրանց հետ, ովքեր ապրում են «Փյունիկի» հաջողություններով և անհաջողություններով:
Որոշումը կայացվեց, քանի որ աշխատանքը ճիշտ ուղու վրա էր և հասկացա, որ նման պարագայում ինքս կարող եմ աճ գրանցել որպես մարզիչ և պետքական լինել ակումբին, որովհետև ես տեսնում եմ, որ սկսած նախագահից մինչև բոլոր աշխատողները նվիրված են:
7 անձից կազմված մեր մարզչական շտաբը մեծ աշխատանք է տանում և ես տեսնում եմ դրա էֆեկտը»,- նշել է Մելիքյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2021 թվականի հունվարին է նշանակվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ Մելիքյանի գլխավորությամբ երևանյան ակումբը 15-րդ անգամ հաղթել էր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում և արժանացել Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթին:
2022 թվականին «Փյունիկը» Հայաստանի ակումբային ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ հաջողություններ էր գրանցել՝ հաղթահարելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը ու գրանցելով հայկական թիմերի շրջանում առաջին հաղթանակը եվրագավաթների խմբային փուլում (Կոնֆերենցիաների լիգայում), որտեղ նաև շատ մոտ էր փլեյ-օֆֆ դուրս գալուն։
Եղիշե Մելիքյանը «Փյունիկի» ղեկին անցկացրել է 90 հանդիպում, տարել 51 հաղթանակ, կրել 23 պարտություն ու գրանցել 16 ոչ-ոքի։