Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ընթացիկ առաջնությունում իր թիմի առաջին պարտության մասին: «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի վերսկսումից հետո անցկացրած առաջին խաղում հյուրընկալվել էր Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիային» և պարտվել 1-3 հաշվով:
«Անպայման կանենք հետևություններ այսօրվա խաղից: Առաջին պարտության դեպքում թիմը խնդիր չունի, երկրորդ պարտությունն ունենալու դեպքում նոր մտածելու առիթ կունենանք:
Այսօր պարտվեցինք, բայց իմ թիմը պատրաստ է գնալ չեմպիոնության: Մեկ խաղով ես երբեք չեմ հիասթափվի: Ընդունում ենք, որ զիջեցինք մրցակցին՝ «Արարատ-Արմենիան» արժանի հաղթանակ տարավ: Շնորհավորում ենք մրցակցին և պրոֆեսիոնալ թիմին վայել շարժվում առաջ»,- նշել է Մելիքյանը հետխաղյաա ասուլիսին:
Վադրան Մինասյանն էլ մեկնաբանել է «Արարատ-Արմենիայի» կարևոր հաղթանակն առաջատարի նկատմամբ:
«Այս խաղից առաջ լուրջ խնդրի առաջ էինք կանգնել, որովհետև երեք ֆուտբոլիստ վնասվածք ուներ: Մոհամեդ Յատարան էլ ջերմում էր խաղից առաջ: Որոշակի հոգնածություն կար նաև խաղացողների մոտ:
Առաջին խաղակեսն իդալական էր մեզ համար, երկրորդ կեսում «Փյունիկը» մի փոքր ճնշումը մեծացրեց մեր դարպասի ուղղությամբ, բայց մենք կարողացանք համարժեք դիմակայել և հասնել ցանկալի արդյունքի»,- հետխաղյա ասուլիսին նշել է 50-ամյա մասնագետը:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» 48 միավորով շարունակում է գլխավորել Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Արարատ-Արմենիան» 21 խաղից հետո 45 միավորով բարձրացել է երկրորդ տեղ՝ շրջանցելով «Նոային», որը 43 միավորով երրորդն է:


