Logo

Եղիշե Մելիքյան. «Պետք է մոռանանք այս հաղթանակը և պատրաստվենք հաջորդ խաղին»

23:27 / 13.07.2023Ֆուտբոլ
Եղիշե Մելիքյան-6

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» 2-0 հաշվով հաղթելուց հետո Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Շատ հաճելի է առաջին խաղը եվրոպական մրցաշարում հաղթանակով ավարտելը: Հանդիպումից առաջ ասել էի, որ մենք ունենք ծրագիր, որն աշխատելու դեպքում կհասնենք հաջողության:

Վստահ եմ՝ այն ծրագիրը, որ մենք պատրաստել էինք այսօրվա խաղի համար, աշխատեց: Ճիշտ է՝ 26 հարված ենք կատարել դարպասի ուղղությամբ և խփել ընդամենը 2 գոլ, ինչը չի գոհացնում, բայց ընթացքում կլուծենք այդ խնդիրը:

Ընդհանուր առմամբ, թիմը գիտեր՝ ինչ էր անում դաշտում: Դիրքային գրոհների ժամանակ խնդիրների էինք բախվում, բայց դրա վրա աշխատել էինք և ես այսօր տեսա, որ մեզ մոտ դիրքային գրոհներն ու թիմային օղակների միջև համագործակցությունն արդեն ստացվում է:

Շարժվում ենք առաջ: Հյուրընկալվելիս հեշտ չի լինի, քանի որ յուրաքանչյուր թիմ տանն ավելի լավ է խաղում: Պետք է հավաքվենք, մոռանանք այս հաղթանակը և պատրաստվենք հաջորդ խաղին»,- նշել է «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա