Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբաբանել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի արտագնա խաղում Բրատիսլավայի «Սլովանից» կրած պարտությունը (1-2):
Արդյունքի մասին
«Առաջին հերթին շնորհավորում եմ մրցակցին: Ֆուտբոլն 90 րոպե է տևում, երկու թիմերն էլ տակտիկապես պատրաստ էին հանդիպմանն ու բարձր մոտիվացված էին: Անհատական սխալներ թույլ տվեցինք, կորցրեցինք կենտրոնացվածությունն ու բաց թողեցինք հաղթանակը:
Ընդունում ենք մեր սխալները և տխուր ենք, որ չկարողացանք ուրախացնել մեր երկրպագուներին: Մենք պրոֆեսիոնալներ ենք, ունենք բնավորություն և կարող ենք վերջին խաղում վճռել ամեն ինչ»:
Օտուբանջոյին փոխարինելու մասին
«Օտուբանջոյին փոխարինեցի, քանի որ մրցակիցն ավելի ուժային ֆուտբոլ էր ցուցադրում: Մրցակիցն ուժեղ էր նաև ստանդարտներից, ինչի պարագայում Դիոպն ավելի օգտակար էր:
Պարտությունը չի կարելի կապել Օտուբանջոյի փոփոխության հետ, դա տակտիկական որոշում էր, որն արդարացրեց: Օտուբանջոյի խաղից գոհ եմ»:
Դավիդ Յուրչենկոյի սխալի մասին
«Յուչենկոյի խաղակոշիկը պատռվել էր, ինչից հետո նա խաղընկերներին ասել էր, որ իրեն հետ փոխանցումներ չկատարեն, քանի որ չի կարող խաղալ: Սակայն հետ փոխանցում կատարվեց, որից հետո այդպես եղավ: Անհաջողություն էր, բայց ոչինչ: Մեր տղաները շատ տխուր են, կաջակցենք նրանց, քանի որ եզրափակիչ ունենք ամսի երեքին»:
Արաս Օզբիլիսին խաղադաշտ դուրս չբերելու մասին
«Օզբիլիսը տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է, նա այս խաղի ոճին չէր համապատասխանում: Ուժային ֆուտբոլ էր ընթանում, որտեղ պետք էին արագաշարժ և ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլիստներ»:
«Բազելի» դեմ վերջին տուրի վճռորոշ հանդիպման մասին
«Մեզ ավելի շատ հետաքրքրում է մեր վիճակը, այլ ոչ թե մրցակցի: Իմ թիմը լավ մարզավիճակում է, ես հավատում եմ, որ մեր երկրպագուների հետ միասին կարող ենք հասնել հաջողության»:
5 տուրից հետո «Սլովանը» 8 միավորով H խմբի առաջատարն է, «Բազելը» նույնքան միավորով երկրորդն է, «Փյունիկն» ունի 6 միավոր ու երրորդ տեղում է, «Ժալգիրիսը» վերջինն է՝ 5 միավոր:
Վերջին՝ 6-րդ տուրում «Փյունիկը» նոյեմբերի 3-ին Երևանում կընդունի շվեյցարական «Բազելին», իսկ «Սլովանը» կհյուրընկալվի Վիլնյուսի «Ժալգիրիսին»: Երևանյան թիմին միայն հաղթանակը թույլ կտա պայքարը շարունակել Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: