Logo

Եղիշե Մելիքյան. «Մարտական ենք տրամադրված»

21:34 / 15.07.2024Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և դարպասապահ Հենրի Ավագյանն Մինսկի «Դինամոյի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին:

Հենրի Ավագյան․ «Չեմպիոնների լիգայում թույլ մրցակիցներ չկան, բոլորն էլ պատրաստված են խաղում: Իմ առաջին խաղն էր Չեմպիոնների լիգայում, բայց արտառոց էմոցիաներ չունեի, իմ գործը պարզապես դարպասն անառիկ պահելն էր»:

Եղիշե Մելիքյան․ «Ինչպես խոստացել էին, որ թիմը չեմպիոն դառնար, պետք է եվրագավաթային խաղերն անցկացներ «Հանրապետականում»: Մենք վաստակել ենք այդ իրավունքը: Այն պայմանագիրը, որը մեզ առաջարկել էին, մենք դրանով բազմիցս պատժվել էինք, այդ պատճառով դիտարկում էինք «Ուրարտուի», «Շիրակի» ստադիոններիի և Վրաստանում խաղալու տարբերակները: Շնորհակալ եմ կառավարության ղեկավարներին, որոնք միջնորդեցին և օգնեցին մեզ: Նրանք հավաստիացրին, որ մեզ ազատ արտահայտվելու համար չեն պատժի և չեն զրկի «Հանրապետականից»: Այս ամենից հետո որոշեցինք վերադառնալ «Հանրապետական»:

Ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է տրամադրել Ավանի ակադեմիան՝ Չեմպիոնների լիգայի խաղերին նախապատրաստվելու համար: Քանի դեռ ես «Փյունիկի» մարզիչն եմ, այլևս նման խնդրանքով չեմ դիմելու նրանց:

Շատ դժվարություններով, բայց պատրաստ ենք վաղվա խաղին: Մարտական ենք տրամադրված: Կորցրել ենք շատ կարևոր ֆուտբոլիստների՝ Հարությունյանը, Դաշյանը, Գոնսալվեսը, Յուրիչիչը, Դեբլեն: Մենք լավատես ենք, անգամ այսպիսի կորուստներով պատրաստվել ենք Չեմպիոնների լիգայի խաղերին: Առաջին խաղում մեր առաջադրանքն առնվազն չպարտվելն էր, կարողացել ենք ոչ-ոքի գրանցել:

«Փյունիկը» շատերն են սիրում, բոլորիդ սպասում ենք ստադիոնում, պետք է ցույց տանք, որ մենք շատ ենք ու միասնական ենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի չեմպիոնները հուլիսի 10-ին Հունգարիայում կայացած առաջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի էին գրանցել: Բելառուսական ակումբները եվրագավաթային հանդիպումներն անցկացնում են չեզոք խաղադաշտում։

Պատասխան խաղում «Հանրապետական» ստադիոնի մուտքն ազատ կլինի: «Փյունիկը» երկարատև դադարից հետո կվերադառնա Հայաստանի գլխավոր ստադիոն: «Փյունիկ» - «Դինամո» խաղը կկայանա հուլիսի 16-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:

«Դինամոյի» արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի 16-ակի չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի դեմ: «Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի դեմ:

«Փյունիկի» նախագահը դիմել է երկրպագուներին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ