Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ստրուգայի» նկատմամբ 3-1 հաշվով տնային հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում։
«Հաղթանակը պատահական չէր, որովհետև շատ լավ էինք պատրաստվել հանդիպմանը: Կարողացանք օգտագործել մրցակցի թույլ կողմերը, նրանց հնարավորություն չտվեցինք օգտագործել իրենց ուժեղ կողմերը:
Խաղի համար նախատեսած մեր ծրագիրն իրականություն դարձավ, ես չէի էլ կասկածում: Ճիշտ վերլուծություն կատարելու և սխալները շտկելու կարողություններ ունենք:
Շնորհակալ եմ երկրպագուներին, մինչև վերջ մեր կողքին էին այս խաղում և ընդհանրապես: Վստահ եմ, որ նրանք միշտ մեր թիկունքին կանգնած կլինեն»,- հետխաղյա ասուլիսին նշել է Մելիքյանը:
Հայաստանի չեմպիոնը պատասխան խաղի վերջին վայրկյաններին դիմակայությունում հաղթանակ էր կորզել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա:
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։


