«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։
23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 8,3 միավորով, որը լավագույնների թիմում երկրորդ ամենաբարձր գնահատականն է։
Նախորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթել էր «Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը 79-րդ րոպեին տուգանային հարվածով խփել էր հաղթական գոլը: Դա Էդուարդի 100-րդ խաղն է ռուսական ակումբի կազմում: Հանդիպման 8-րդ րոպեին էլ հայ կիսապաշտպանի հարվածից հետո սեփական դարպասը գրավել էր «Նիժնի Նովգորոդի» ռուս պաշտպան Կիրիլ Գլուշչենկովը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Էդուարդ Սպերցյանը մասնակցել է 21 հանդիպման, խփել 9 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: «Կրասնոդարը» երկրորդ տեղում է և 1 միավոր է զիջում առաջատար «Զենիթին»։



