Թուրքիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրի արտագնա հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ ներկայացել էր ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը նշեց հետևյալը․
«Բոլորս գիտենք, թե ինչ նշանակություն ունի այս խաղը մեզ համար։ Մենք երկրորդ տեղում ենք և այս հանդիպումը կարևոր է մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։
Մնացել է 5 հանդիպում, և յուրաքանչյուր խաղ եզրափակիչ է մեզ համար։ Իսկ, թե որ տեղը կգրավենք, եկեք սպասենք ընտրական մրցաշարի ավարտին։ Իհարկե, մենք ունենք երազանք և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար։
Ուգոչուկվու Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է, նրա հետ խաղալը շատ հարմարավետ է։ Ես շատ եմ շփվում նրա հետ։ Ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Ռուսաստան և հաջողություն եմ մաղթել նրան։ Վստահ եմ, որ նրան կհաջողվի լավ խաղալ Ռուսաստանի առաջնությունում։
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանում խաղացող ֆուտբոլիստներն ավելի շատ են սկսել միանալ Հայաստանի հավաքականին, դա յուրաքանչյուրի ընտրությունն է։ Ամեն ֆուտբոլիստ ընտրություն է կատարում սրտով։
Այն, որ վաղը ստադիոնը լեփ-լեցուն է լինելու, իհարկե, ֆուտբոլիստների համար միշտ լավ է, երբ երկրպագուները շատ են մարզադաշտում։ Սակայն մենք ունենք խաղի ծրագիր և հույս ունենք, որ մրցակցի երկրպագուների առկայությունը չի խանգարի ցուցադրել մեր ֆուտբոլը»,- ասել է 23-ամյա ֆուտբոլիստը, Թուրքիայից հաղորդում է VNews-ի թղթակիցը։
Թուրքիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։