Իռլանդացիների հետ խաղում հստակ իրացնելով 11մ հարվածը, Էդուարդ Սպերցյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատած 6-րդ ֆուտբոլիստը: Հոբելյանական գոլը նա խփեց հավաքականում անցկացրած 36-րդ խաղում: Սպերցյանն այդ ցուցանիշով զիջում է միայն հավաքականի գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանին, որին 10 գոլ խփելու համար 35 խաղ էր պահանջվել:
Մխիթարյանն այդ հոբելյանը նշել էր 2012թ. նոյեմբերի 14-ին Երևանում Լիտվայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում: Նա Էռնեստաս Շետկուսի դարպասը գրավել էր 23 տարեկան 298 օրականում՝ դառնալով հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշով ևս Սպերցյանը 2-րդն է հավաքականում՝ հոբելյանական գոլը խփելով 25 տարեկան 94 օրականում:
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի ազգային հավաքականում գոլերի հաշիվը բացել է նորամուտի խաղում: 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ մտնելուց 11 րոպե անց հավաքականի նորեկը գրավեց Ֆլորին Նիցեի պաշտպանած դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը:

Սպերցյանն այն 13 ֆուտբոլիստների ցանկում է, որոնց հաջողվել է հավաքականում նորամուտը գոլով նշել: Առաջինն Էրիկ Ասադուրյանն էր, որը գոլի հեղինակ էր դարձել 1996թ. հոկտեմբերի 5-ին Բելֆաստում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Հետագայում հավաքականում նորամուտը գոլով էին նշել Արմեն Ադամյանը, Կարեն Բարսեղյանը, Կարեն Սիմոնյանը, Անդրեյ Մովսեսյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Ռումյան Հովսեփյանը, Էրիկ Վարդանյանը, Իվան Յագանը, Արթուր Քարտաշյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը, որը դուբլ էր ձևակերպել:
Իր երկրորդ գոլը Սպերցյանը խփեց հավաքականում անցկացրած հոբելյանական՝ 10-րդ խաղում: 2022թ. հունիսի 4-ին Երևանում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում Իռլանդիայի հավաքականի դարպասը Սպերցյանի խփած գոլը միակն էր: Իռլանդացիների հետ պատասխան խաղում էլ Սպերցյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Հետագայում Սպերցյանն աչքի ընկավ հյուսիսմակեդոնացիների հետ կայացած ընկերական խաղում, ապա մեկական գոլ խփեց լատվիացիների դարպասն Ազգերի լիգայի մրցաշարի երկու խաղերում էլ:

Այս տարվա հունիսին կայացած ընկերական երկու հանդիպումներում էլ Սպերցյանն իրեն կրկին հիանալի դրսևորեց: Նախ նա գրավեց Կոսովոյի դարպասը՝ հավաքականի ավագի թևկապով խփելով առաջին գոլը: Իսկ Չեռնոգորիայի ազգային թիմի դեմ խաղում Սպերցյանը հավաքականում իր առաջին դուբլը ձևակերպեց՝ մեր ընտրանուն փրկելով պարտությունից:
Նա այդ խաղում հաշիվը բացել էր 24-րդ վայրկյանին՝ դառնալով հավաքականում խփած ամենաարագ գոլի հեղինակը: Սպերցյանը գերազանցել էր Յուրա Մովսիսյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2013թ. հունիսի 11-ին Կոպենհագենում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղի 26-րդ վայրկյանին էր գրավել Դանիայի հավաքականի դարպասը:
Մինչև պորտուգալացիների հետ հանդիպումը, Սպերցյանը հավաքականում անցկացրած իր նախորդ 3 խաղերում խաղադաշտից առանց գոլի չէր հեռացել՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Այդ ցուցանիշով ևս Սպերցյանը զիջում է միայն Հենրիխ Մխիթարյանին, որն աչքի է ընկել 4 անընդմեջ խաղում՝ դառնալով մեկական գոլի հեղինակ:
Հայաստանի ազգային հավաքականում 10 գոլի սահմանագիծն առաջինը հատել է Արթուր Պետրոսյանը՝ 2003թ. մարտի 29-ին Երևանում գրավելով Հյուսիսային Իռլանդիայի դարպասը: Նրա խփած միակ գոլը հավաքականին հաղթանակ պարգևեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Պետրոսյանը հավաքականում հոբելյանական՝ 60-րդ խաղն էր անցկացրել՝ գոլի հեղինակ դառնալով 31 տարեկան 102 օրականում:
Մխիթարյանից հետո հավաքականում 10-րդ գոլի հոբելյանը նշած 3-րդ ֆուտբոլիստը Գևորգ Ղազարյանն էր, որն աչքի ընկավ 2016թ. նոյեմբերի 11-ին Երևանում Չեռնոգորիայի դեմ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (3-2): Հավաքականում 52-րդ խաղն անցկացնող Ղազարյանը հաղթական գոլը խփեց 28 տարեկան 220 օրականում:

2018թ. հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատեցին Մարկոս Պիզելին և Յուրա Մովսիսյանը: Մարկոսից բոլորից շատ՝ 63 խաղ պահանջվեց հոբելյանը նշելու համար, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի հավաքականի հետ Ազգերի լիգայի երևանյան ընտրական մրցախաղում (2-1): Մարկոսը դարձավ նաև հավաքականում 10 գոլի սահմանագիծը հատած ամենատարեց ֆուտբոլիստը՝ մրցակցի դարպաասը գրավելով 33 տարեկան 338 օրականում:
Իսկ ահա Յուրա Մովսիսյանը 10-րդ գոլը խփեց իր 36-րդ խաղում՝ ընդամենը մեկ խաղով զիջելով Մխիթարյանին: Մակեդոնիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի երևանյան ընտրական մրցախաղում (4-0) Մովսիսյանը 31 տարեկան 75 օրական էր:
FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցանիշները:
|
Ֆուտբոլիստներ |
Գոլ |
Առաջին գոլը |
|
1. Հենրիխ Մխիթարյան |
32 |
28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ) |
|
2. Գևորգ Ղազարյան |
14 |
28.03.2009 Էստոնիա՝ 2-2 (ԱԱ) |
|
3. Յուրա Մովսիսյան |
14 |
07.09.2010 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ) |
|
4. Արթուր Պետրոսյան |
11 |
15.11.1995 Դանիա՝ 1-3 (ԵԱ) |
|
5. Մարկոս Պիզելի |
11 |
28.05.2008 Մոլդովա՝ 2-2 (Ը) |
|
6. Էդուարդ Սպերցյան |
10 |
31.03.2021 Ռումինիա՝ 3-2 (ԱԱ) |
|
7. Էդգար Մանուչարյան |
9 |
04.06.2005 Մակեդոնիա՝ 1-2 (ԱԱ) |
|
8. Տիգրան Բարսեղյան |
9 |
01.06.2016 Սալվադոր՝ 4-0 (Ը) |
|
9. Արա Հակոբյան |
7 |
28.04.2004 Թուրքմենստան՝ 1-0 (Ը) |
|
10. Արմեն Շահգելդյան |
6 |
10.05.1995 Մակեդոնիա՝ 2-2 (ԵԱ) |
|
11. Արթուր Սարկիսով |
6 |
06.09.2011 Սլովակիա՝ 4-0 (ԵԱ |
|
12. Արաս Օզբիլիս |
6 |
29.02.2012 Կանադա՝ 3-1 (Ը) |
|
13. Ալեքսանդր Կարապետյան |
6 |
16.11.2018 Ջիբրալթար՝ 6-2 (ԱԼ) |


