Ռուսական «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլում ազգային թիմի առաջիկա խաղերի մասին։
«Հավաքականին երկու շատ ծանր խաղ է սպասվում։ Երևի, ամենակարևորները, քանի որ մենք երկրորդ տեղում ենք։ Երեք միավոր ենք հետ Թուրքիայից, և առաջին խաղը պետք է անցկացնենք նրանց հետ՝ դրսում։ Այդ հանդիպումը շատ սկզբունքային է մեզ համար և ունի մեծ նշանակություն։ Պետք է արագ միանանք։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չկայացավ տեղափոխությունս Եվրոպա, ապա այդ հարցերն ինձ պետք է չուղղել»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի 2022թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։