Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ամփոփել է Կրասնոդարի «Կուբանի» դեմ ընկերական խաղը, որում Գյումրիի թիմը պարտվել էր 0-2 հաշվով:
«Մեծ ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում՝ մարզվելով օրական երկու անգամ: Այսօր երևում էր, որ հոգնածություն և ծանրություն կա թիմի մոտ, մյուս կողմից սա հավաքներին բնորոշ պատկեր է: Մտահոգիչ է, որ գոլային պահերը քիչ էին:
Ամեն դեպքում վստահ եմ, որ առաջնությանը թիմը պատրաստ կլինի ու կցուցադրի լավ, որակյալ ֆուտբոլ: Աշխատանքը շարունակվում է: Առջևում ևս երկու ստուգողական հանդիպում ունենք: Մրցակիցները բավականին ուժեղ թիմեր են: Պետք է շատ աշխատենք: Շատ օգտակար է մեզ համար խաղալ նման մրցակիցների հետ: Շատ ուսուցողական հանդիպումներ են: Թիմն այսպիսի խաղերին պետք է փորձ ձեռք բերի»,- Էդգար Թորոսյանի խոսքը մեջբերում է «Շիրակի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ դա հայկական ակումբի երրորդ անընդմեջ պարտությունն էր Թուրքիայի Բելեկ քաղաքում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Ավելի վաղ «Շիրակը» պարտվել էր նաև ղազախական «Մակտարալին» (0-1) և Մոսկվայի «Դինամո-2»-ին (0-2):