Logo

Էդգար Սևիկյանը պարզաբանել է նախախաղային ասուլիսում իր հայտարարությունը

15:22 / 18.11.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանն անդրադարձել է Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի նախավերջին տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում իր արած հայտարարություններից մեկին։ «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպանը նշել էր, որ Հայաստանի հավաքականի խաղային սխեման ավելի համարավետ է իր համար, քան ռուսական ակումբինը։

«Ցավոք, նախախաղային ասուլիսում իմ պատասխաններից մեկը ճիշտ չի մեկնաբանվել։ Ես ասել եմ, որ ավելի շատ սովոր եմ խաղալ աջ վինգերի դիրքում։ Սակայն և՛ ակումբում, և՛ հավաքականում պատրաստ եմ խաղալ ցանկացած դիրքում։ Ես միշտ առավելագույնն եմ ներդնում թե՛ ակումբում, թե՛ հավաքականում, պրոֆեսիոնալ մոտեցում եմ ցուցաբերում գործին, փորձում եմ ցուցադրել լավագույն որակներս ու հարգում եմ ցանկացած մարզչական որոշում։ Հպարտ եմ, որ խաղում եմ «Պարի Նիժնի Նովգորոդում»։ Հենց այդ ակումբից եմ ես հրավեր ստացել Հայաստանի հավաքականից, որի կազմում խաղալու բախտ է վիճակվել։ Կշարունակեմ առաջ շարժվել ու ներդնել բոլոր ուժերս ֆուտբոլային խաղադաշտում»,- Էդգար Սևիկյանի խոսքը մեջբերում է «Պարի Նիժնի Նովգորոդի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է հոկտեմբերի 17-ին՝ փոխարինման դուրս գալով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ընկերական խաղում։

Հայաստան - Ուելս հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 18։00-ին։ Խաղը կցուցադրվի Ֆասթ Սպորտի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ