Logo

Էդգար Սևիկյանը նշել է ամենացավալի պարտությունը Հայաստանի հավաքականում

14:55 / 12.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը խոսել է ազգային թիմում առաջին գոլի, ամենացավալի պարտության, Եվրո-2024-ի ընտրական փուլի ու այլ թեմաների շուրջ։

«Հավաքականի առաջին գոլը հսկայական հպարտություն և ուրախություն է, քանի որ դու ցանկանում ես օգնել հաղթել ոչ միայն թիմին, այլ երկրին։ Չեխիայի դեմ խաղում մենք պարտվեցինք, սակայն իմ առաջին գոլից հետո անհավանական հույզեր էին, նույնիսկ՝ ընկերական խաղում։

Տա Աստված, որ կարողանամ հավաքականին օգնել լուրջ մրցաշարերում։ Լավ ֆուտբոլիստների սերունդ ունենալը չի նշանակում մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Դրա համար անհրաժեշտ է ծանր ճանապարհ անցնել՝ ձգտելով առավելագույնին։

Հայաստանում բոլորը երազում են մեծ մրցաշարի մասնակցելու մասին։ Այդ պատճառով մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որ հասնենք մեր նպատակին։ Վրաստանի օրինակով մենք տեսանք, թե ինչ է դա։ Այդ թիմում ունեմ ընկեր՝ Գեորգի Կոչորաշվիլին։ Երբ մենք միասին «Լևանտեում» էինք, նրան դեռ չէին հրավիրում հավաքական։ Սակայն նա երազում էր հավաքականում հայտնվելու ու մեծ մրցաշարի մասնակցելու մասին։

Շատ տխուր էի, որ մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Այդ ժամանակ ես թիմի նորեկներից էի։ Ամենացավալի պարտությունը Լատվիայի հավաքականից էր 0։2 հաշվով։ Ունեինք խմբից դուրս գալու շատ լավ շանսեր։ Ցավալի էր պարտվել հյուրընկալվելիս, քանի որ մենք այնքան մոտ էինք, որ բոլորն արդեն զգում էին Եվրոպայի առաջնության շունչը։ Սակայն այդտեղ կարելի է դրականը տեսնել։ Դա ցույց է տալիս, որ հավաքականն աճում է, և մենք կարող ենք մրցակցել համաշխարհային մակարդակում։ Հավաքականն ունի նոր սերունդ, լավ խաղացողներ։ Հետագայում կլինեն հնարավորություններ, այդ պատճառով պետք է աշխատել երկու անգամ ավելի, որպեսզի օգտագործենք մեր շանսը։ Պետք է լինել համբերատար ու փորձ հավաքել։

Այդ անհաջողությունից հետո ավելի շատ լսել եմ աջակցող խոսքեր, քանի որ Հայաստանի հավաքականը մինչև վերջ պայքարում էր որակավորման փուլում։ Դա մեծ առաջընթաց է։

Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք նախորդ խաղում, այն էլ՝ տան պատերի ներքո։ Հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգային։ Կարծում եմ՝ այս հավաքը բավական լավ անցավ։ Սլովենիայի դեմ խաղում նվազագույնը ոչ-ոքիի էինք արժանի։ Ունեցանք գոլ խփելու բազմաթիվ շանսեր, սակայն չստացվեց։ Ղազախստանի դեմ ևս բարդ հանդիպում էր։

Իհարկե, հետևելու եմ առաջիկա Եվրոյին, բայց չկա մի հավաքական, որին երկրպագելու եմ։ Իհարկե, կհետևեմ Վրաստանին, որտեղ խաղում է ընկերս՝ Գեորգին։ Կարծում եմ՝ նրանք ունեն խմբից դուրս գալու շանսեր։ Հետաքրքիր կլինի հետևել հունգարացիներին, քանի որ կան նաև «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստներ»,- Sport-express-ի հետ հարցազրույցում նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը 2023թ․ հոկտեմբերին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 8 հանդիպում ու խփել մեկ գոլ։ Ավարտված ակումբային մրցաշրջանում նա «Ֆերենցվարոշի» կազմում մասնակցել է 16 խաղի, դարձել 2 գոլի ու մեկ ասիստի հեղինակ։ Transfermarkt-ը 2 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա